Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է ԱՄՆ-ին, ոչ թե Ռուսաստանին․ Հարութ Սասունյան
06 Հուլիսի 2024, 00:08
ԱՄՆ-ը խանդավառորեն պաշտպանում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։
«Երկար ժամանակ է ղեկավարությունն ասում է՝ «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանն է ուզում, Ռուսաստանն է պարտադրում։ Հիմա տեսանք, որ այդպես չէ։ ԱՄՆ-ն ավելի խանդավառորեն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքը»։ Որովհետև ԱՄՆ-ն ուզում է, որ Թուրքիան, Ադրբեջանը և թրքական այլ հանրապետություններ իրար հետ կապի ու առևտրի մեջ լինեն, որպեսզի շրջանցեն անգամ Ռուսաստանը։ ԱՄՆ-ն ուզում է թուլացնել Ռուսաստանի դերը աշխարհում ու դա է պատճառը, որ ուզում է Հայաստանից հեռացնել ռուսներին»,- ասել է Սասունյանը։
Մեր զրուցակիցը նկատել է, որ Հայաստանից ոչ մի շահ չունեն, նպատակն է մեր երկիրը պոկել Ռուսաստանից։
«Որքան էլ Էրդողանը Պուտինին մոտենա, ԱՄՆ-ն ավելի ջիղ է թափելու, որ պահի այն, ինչ ունի։ Թուրքիան ու Ադրբեջանը շատ կարևոր երկրներ են Ամերիկայի ու Եվրոպայի համար։ Հայաստանն այդքան կարևոր երկիր չէ։ Հայաստանից ոչ մի շահ չունեն, միայն ուզում են, որ ռուսները հեռանան»,- եզրափակել է Հարութ Սասունյանը։