Այսքանով ավարտված է եկեղեցին պառակտելու Փաշինյանի հնարավոր ռեսուրսը․ Տիգրան Քոչարյան

28 Նոյեմբերի 2025, 23:00

Քաղաքականություն

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Թեմային Alpha News-ի եթերում անդրադարձել է գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

«Շատ լավ եղավ, որ վերջնականապես բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «ագենտուրան»»,- ասել է Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը դիմել է այս քայլին, քանի որ պրոցեսներն արագանում են, և նա չի ստանում այն, ինչ ուզում էր․ «Մի քանի անգամ եկեղեցու դեմ որոշակի գործողություններ իրականացրեց, տապալվեցին փորձերը Հովհաննավանքում, Թալինում, որտեղ նրա ընտրողները շատ են, բայց ավելի քիչ մարդ եկավ»։

Ըստ Տիգրան Քոչարյանի՝ այսքանով կարելի է ավարտված համարել եկեղեցին պառակտելու Նիկոլ Փաշինյանի հնարավոր ռեսուրսը։

Վերջինիս իրական նպատակն, ինչպես նշել է Alpha News-ի խմբագիրը, Հայ Առաքելական եկեղեցին ոչնչացնելն է․ «Նիկոլ Փաշինյանի և նրա տերերի հիմնական նպատակը Հայ Առաքելական եկեղեցին որպես կառույց ոչնչացնելն է, կամ մաքսիմալ բարոյազրկելը»։

Տիգրան Քոչարյանը վտանգավոր է համարել եկեղեցու համբավի հետ խաղալը, քանի որ այնպիսի հարված կարող է հասցվել եկեղեցուն, որ մարդիկ ուղղակի չեն ուզենա եկեղեցի մտնել։

«Եկեղեցին խանութ չէ, ՍՊԸ չէ, որ փակվեց, մյուսը կբացվի։ Եկեղեցին համազգային արժեք ունեցող կառույց է, և եթե դու մի անգամ տանուլ տաս, ապա այլևս որևէ բան չես կարող վերականգնել»,- հավելել է գլխավոր խմբագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։