Ազատ Գասպարյան․ հայ բեմի և էկրանի լեգենդը

13 Օգոստոսի 2025, 23:10

Հայեր

Ազատ Նիկոլի Գասպարյանը թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան է, ում ստեղծագործական ուղին դարձավ Հայաստանի մշակութային պատմության անբաժան մասը։ Ծնվել է 1943 թ․ օգոստոսի 13-ին Երևանում։ Դեռ վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի նկատմամբ, ինչն է վճռել է նրա կյանքի ուղին։

Ընդունվել է Երևանի գրադարանային տեխնիկում, որն ավարտել է 1963 թվականին։ Սակայն բեմի նկատմամբ սերն այնքան մեծ էր, որ նա ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, որտեղ ստացավ դերասանական կրթություն։ Դեռ ուսանողական տարիներին սկսել է աշխատել Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, որտեղ ձեռք է բերել բեմական վարպետության առաջին հմտությունները։

1969-1971 թթ․ Ազատ Գասպարյանն աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա ութ տարի նվիրել Հայաստանի գլխավոր թատրոններից մեկում՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում աշխատանքին։ Նրա դերասանական ներկապնակը լայն է՝ դրամատիկ կերպարներից մինչև կատակերգական դերեր. նա կարողանում էր փոխանցել մարդկային զգացմունքների ու բնավորությունների խորությունը։ Հետագայում նա դարձավ հայկական հեռուստաթատրոնի առաջատար դերասաններից մեկը, որտեղ նրա տաղանդը բացահայտվեց նոր ձևաչափով՝ էկրանին։

Ազատ Գասպարյանի ֆիլմագրությունը ներառում է տասնյակ ֆիլմեր, որոնցից շատերը դարձել են հայկական կինոյի դասականներ։ Դրանց թվում են՝ «Հեղնար աղբյուրը», «Համագյուղացիներ», «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ու՞ր ես գնում, զինվոր», «Մեր բակը», «Ուրախ ավտոբուս»։ Հատկապես նշանակալի էր բանաստեղծ Եղիշե Չարենցի դերը «Ծնունդ» (1976թ․) ֆիլմում, որտեղ Գասպարյանին հաջողվել է փոխանցել կերպարի ողբերգությունն ու պոետական ուժը։

Թեև նա հաճախ էր կատարում երկրորդական դերեր, նրա կերպարներն այնքան վառ ու կենդանի էին, որ ընդմիշտ մնացել են հանդիսատեսի հիշողության մեջ։ Նա ասում էր՝ «Դերասանը թռչուն է, որին չի կարելի վանդակի մեջ պահել։ Ես չեմ խաղում այն, ինչ ինձ հոգեհարազատ չէ»։

Հայկական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ազատ Գասպարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2003), Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2010), Մովսես Խորենացու մեդալ (2009), Հայկական ԽՍՀ պետական մրցանակ, ինչպես նաև Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2005)։

Ազատ Գասպարյանը կյանքից հեռացել է 2013 թ․ օգոստոսի 2-ին՝ թողնելով հարուստ ստեղծագործական ժառանգություն։ Նրա դերերը ոչ միայն կերպարներ են, այլ հայկական հոգու մասնիկներ, որոնք արտացոլվել են բեմում և էկրանին։ Նա բացառիկ տաղանդ ուներ, խորապես մարդկային և արվեստին նվիրված մարդ էր։

Հիմա եթերում