Ազատ Ղարիբյան․ Հայ պարարվեստի նվիրյալը
25 Հուլիսի 2024, 23:59
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
1923 թվականի հուլիսի 25-ին Երևանում ծնվել է պարուսույց, բալետի արտիստ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանը:
Ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, իսկ ավելի ուշ սովորել է Լենինգրադի Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանում:
Կրթություն ստանալով ժամանակի լավագույն ուսումնարաններից մեկում՝ նա սկսել է աշխատել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ որպես բալետի արտիստ:
1962 թվականից Ղարիբյանը դարձել է Հայաստանի Թ. Ալթունյանին երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր և գեղարվեստական ղեկավար, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի երգի-պարի համույթի պարուսույց։
Նշենք, որ հենց Ազատ Ղարիբյանն է կազմակերպել Երևանի պարարվեստի դպրոցի հայկական ժողովրդական պարի բաժինը։ Նա նաև «Կռունկ» պետական համույթի հիմնադիրն էր, որը հետագայում սկսեց կրել նրա անունը:
Ղարիբյանը ղեկավարել է երաժշտական և պարային խմբեր Արցախում, Վանաձորում, Արմավիրում, Թալինում, ինչպես նաև Հայաստանից դուրս՝ Կանադայում և Սիրիայում:
Բալետմայստերը կյանքից հեռացել է 1988 թվականի մայիսի 18-ին։