«Ազգային անվտանգության սպառնալիք». ռուսաստանցի հումորիստ Գարիկ Հովհաննիսյանին կրկին թույլ չեն տվել մտնել Վրաստան
16 Նոյեմբերի 2023, 17:55
Ռուսաստանցի ստենդափ-հումորիստ Գարիկ Հովհաննիսյանին կրկին թույլ չեն տվել մեկնել Վրաստան: Հումորիստն այնտեղ նախատեսում էր համերգ անցկացնել:
«Ինձ կրկին Վրաստան չթողեցին։ Հավանաբար, նույնիսկ հայկական անձնագրով ես սպառնալիք եմ մի ամբողջ երկրի ազգային անվտանգության համար», — Instagram-ի իր էջում գրել է հումորիստը։
Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը պատրաստվում էր ելույթ ունենալ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Bukhari ակումբում։ Նա նաև ներողություն է խնդրել նրանցից, ովքեր տոմսեր են գնել և ծրագրում էին գալ համերգին։ Հովհաննիսյանը խոստացել է, որ տոմսերը հնարավոր կլինի ետ հանձնել։
Հումորիստին առաջին անգամ թույլ չէին տվել Վրաստան մտնել 2022 թվականի հուլիսին։ Որոշման պատճառները չեն նշվում։