Ազգային բարերարներով պետք է հետաքրքրվեն ազգային, գիտական մարմինները, այլ ոչ թե հայ ոստիկանները. Օրդուխանյան
22 Հուլիսի 2025, 16:00
Վարչապետը ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական առումով իրավասու չէ լուծելու հայ եկեղեցու խնդիրները: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Գերմանիայի հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը՝ խոսելով վերջին շրջանում եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին:
«Հարցը, որ մեծ թվով հոգևորականներ չեն համապատասխանում իրենց պաշտոններին, ժողովրդի մեծամասնության համար պարզ է: Կան հոգևորականներ, որոնք վտանգում են նաև անբասիր, ազնիվ այլ հոգևորականների անունները: Բացի այդ հայ հոգևորականները հենց հայ եկեղեցին չեն: Եկեղեցին մեզ համար ազգային կառույց է, սուրբ օջախ է, և այդ սուրբ վայրին դիպչելը համարում եմ մեծ սրբապղծություն և մեր պատմության նկատմամբ դավաճանություն:
Այնպես որ, որոշ հոգևորականների հետ հարցեր լուծելը անդրադառնում է եկեղեցու վրա, այդ պատճառով դրանք կարելի է լուծել այլ ճանապարհով: Բայց այդ հարցերի լուծման իրավունքը նման բարոյական անցյալ ունեցող վարչապետին չէ տրված: Նա ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական առումով իրավասու չէ լուծելու հայ եկեղեցու հետ կապված որոշակի խնդիրներ»,- նշել է Օրդուխանյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի և իր կառավարության կատարած աշխատանքն անընդունելի է:
«Այս պահին երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում: Թուրքերը նստել են մեր գյուղերում, գրավել են Արցախը, և փոխանակ հավաքենք աշխարհի բոլոր գիտնականներին, ֆիզիկոսներին, կոնստրուկտորներին, քաղաքական և պետական գործիչներին, որ լուծումներ գտնենք, զբաղվում ենք հայ եկեղեցու հարցերով: Այսօր եկեղեցով զբաղվելը չէ, որ պետք է փրկի հայկական պետականության ճակատագիրը: Այնպես որ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության կատարած աշխատանքը համարում եմ անընդունելի»,- եզրափակել է պատմաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում