Երեկոյան ժամերին աշխատողները, ուսանողները ո՞նց են տուն հասնելու. քասախցիներ
10 Ապրիլի 2025, 11:31
Քասախ գյուղի բնակիչները ժամանակ առ ժամանակ փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին, սական ոստիկանները թույլ չեն տալիս: Նրանք պահանջում են վերականգնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երևանին:
«Էս հսկայական Քասախում մի ավտոբուսը չի բավականացնում, ուր մնաց փոքր, անհարմար գազելը բավարար լինի: Դրա հետ մեկտեղ 3 կմ-ի համար պետք է վճարենք 200 դրամ, և աշխատելու է մինչև 19:00-ն։ Բա երկրորդ հերթափոխով աշխատող մարդիկ կամ ուսանողներն ինչ անեն»,- լրագրողների հետ զրույցում ասում է Քասախի բնակիչներից մեկը:
Գյուղացիները պնդում են՝ ոտքի են ելել ու հաստատ իրենց ուզածին հասնելու են: «59 համարի ավտոբուսը մնալու է, ուզում են՝ թող ուրիշ ավտոբուս էլ բերեն աշխատի: Ուզում են քաղաքը բեռնաթափեն, բայց սա տարբերակ չի, թող ուրիշ բան մտածեն»,- նշում են քասախցիները:
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի, ՏԿԵ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին կառավարությունում հանդիպել են Քասախի և Պռոշյանի բնակիչների հետ։ Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում է Երևանի հետ, կհանվի։