Բաբկեն Մելիքյան․ Ֆուտբոլիստի հաջողության ճանապարհը «Արարատ»-ից մինչև «Սաջես»
03 Ապրիլի 2025, 23:48

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 3-ը հայ ֆուտբոլիստ Բաբկեն Մելիքյանի ծննդյան օրն է:
Բաբկեն Մելիքյանը ծնվել է 1960 թվականին Երևանում: Նրա ֆուտբոլային ճանապարհը սկսվել է օլիմպիական հերթափոխի մարզական մանկապատանեկան մարզադպրոցից։ 1978-1984 թվականներին խաղացել է Երևանի «Արարատ» ակումբի կազմում, իսկ 1986 թվականին տեղափոխվել է «Դնեպր» ֆուտբոլային ակումբ։
1986 թվականի առաջնության ավարտից հետո Մելիքյանը հեռացել է ֆուտբոլային թիմից և հաջորդ մրցաշրջանում դարձել Մոսկվայի «Սպարտակ»-ի անդամ։ Նոր թիմում նրա դեբյուտը տեղի է ունեցել 1987 թվականի մարտի 10-ին, իսկ 11 օր անց նա խփել է իր առաջին և միակ գոլը կարմիր-սպիտակների կազմում։ Սակայն «Սպարտակ»-ում նա մնացել է միայն կես մրցաշրջան, որից հետո նույն տարվա ամռանը տեղափոխվել է «Կոտայք» ֆուտբոլային ակումբ։
1992 թվականին տեղափոխվել է Լիբանան և ընդգրկվել հայ համայնքի հավաքականի կազմում։ Մելիքյանը հետագայում ստացել է Լիբանանի քաղաքացիություն և հանդես եկել երկրի ազգային հավաքականում։ Ազգային թիմում հանդես գալու ընթացքում դարձել է 3 գոլի հեղինակ։
Բաբկեն Մելիքյանը 1998-2000 թվականներին եղել է նաև Բեյրութի «Սաջես» ակումբի խաղացող-մարզիչ և երկու մրցաշրջան ղեկավարել է թիմը:
2000-ականների սկզբին Մելիքյանը վերադարձել է Հայաստան, որտեղ շարունակել է մարզչական կարիերան։ 2009 թվականի հոկտեմբերից նա կատարել է «Միկա» ՖԱ-ի գլխավոր մարզչի պարտականությունները, իսկ նույն տարվա վերջին՝ Սամվել Դարբինյանի հրաժարականից հետո զբաղեցրել է Երևանի «Կիլիկիա» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա ղեկավարությամբ թիմը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին, բայց ակումբը բախվել է ֆինանսական դժվարությունների, ինչը 2011 թվականի հունվարին հանգեցրել է նրա լուծարմանը։
ԽՍՀՄ սպորտի վարպետ Բաբկեն Մելիքյանը հայտնի է «Արարատ»-ում և Մոսկվայի «Սպարտակ»-ում իր ելույթներով: Նա նաև 1987 թվականի ԽՍՀՄ չեմպիոն է և 1986 և 1987 թվականների ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթակիր։