Բացառիկ ցուցադրություն՝ Մատենադարանում. ներկայացվելու է Շուրիշկանի Ավետարանը
28 Փետրվարի 2026, 10:00
Դարեր շարունակ շատերի համար հույսի, բժշկվելու և իղձերի կատարման յուրօրինակ նմուշ դարձած Շուրիշկանի ավետարանն այսօր Մաշտոցյան մատենադարանի բացառիկ գանձերից մեկն է:
Շուրիշկանի ձեռագիր Ավետարանը գրվել և նկարազարդվել է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում. այն գրել և նկարազարդել է Բարսեղ քահանան: Ավետարանը, որը գրվել է ավելի քան 520 տարի առաջ, շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում:
«Ավետարանը բաղկացած է 322 թերթերից, գրված է գեղեցիկ բոլորգրով, այն պատկերազարդ է, պահպանվել են ավետարանիչների երեք մանրանկարները, կիսախորան անվանաթերթերը և զարդագրությունները:
Մատենադարանի Ձեռագրատան ավագ ֆոնդապահ Գայանե Խաչատրյանը ընդգծել է՝ հաշվի առնելով Ավետարանի պահանջված լինելը, 2002 թվականից մինչ օրս ամեն տարի Շուրիշկանի Ավետարանը մեկ օրով դուրս է բերվել և տարվել Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցի, բայց այս տարի Մատենադարանի բացառիկ ցուցադրության շնորհիվ Ավետարանի հանդեպ մեծ հավատ ու սեր ունեցող քաղաքացիները, մարտի 10-ից սկսած, մեկ ամիս հնարավորություն ունեն այցելելու և տեսնելու այն: