Բացառում եմ, որ ԵՄ դիտորդները կկարողանան Լաչինի միջանցք գնալ հերթապահության համար. Գրիգորյան

21 Հունիսի 2023, 19:51

Քաղաքականություն

«Սեպտեմբերից մինչև հիմա Ջերմուկում տեղի ունեցած էսկալացիայի նման այլ սադրանքի փորձեր չենք ունեցել»,- ասում է «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Տիգրան Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում որոշակիորեն դրական ազդեցություն է ունեցել:

«Մեծ հաշվով նրանց դերակատարությունը նման է ռուս խաղաղապահների դերակատարությանը: Երկու առաքելություններն էլ չեն կարող կանխել այն փոքր միջադեպերը որոնք տեղի են ունեում սահմանին»,- արձանագրում է Գրիգորյանը:

Նա հավելում է՝ ԵՄ դիտորդները էսկալացիայի դեպքում նույնիսկ հնարավորություն չունեն պարզելու, թե ով է սկսել առաջինը: Գրիգորյանը ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում համարում է քաղաքական գործոն, ըստ որի այստեղ զսպման գործոն պետք է լինի եվրոպացի դիտորդների ֆիզիկական ներկայությունը:

«Երասխի պարագայում գործ ունենք մասնավոր ընկերության հետ, որոշումն էլ կայացրել է մասնավոր ընկերությունը: Նույն տրամաբանությամբ մենք էլ կարող ենք ինչ դրոշ ուզենք դնենք մեր բակում»,- նկատում է Գրիգորյանը՝ անդրադառնալով Երասխի գործարանի մոտ վերջերս բարձրացված ԱՄՆ դրոշին, որը ղեկավարությունը տեղադրել էր Ադրբեջանի ռազմական գործողությունները սանձելու նպատակով:

«Միամիտ պատկերացումներ են, թե դրոշներ կանգնեցնելով կարելի է զսպել Ադրբեջանին»,- ընդգծում է Գրիգորյանը և հավելում՝ ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, ապա նրանց ներկայացնում է հենց Եվրամիությունը:

Գրիգորյանն իր տարակուսանքն է հայտնում, որ ԵՄ պատվիրակությունը կկարողանա ծրագրով նախատեսվածի համաձայն՝ Լաչինում պարեկություն իրականացնել:

«Ես պարզապես բացառում եմ իրադարձությունների այն սցենարը, որ ԵՄ պատվիրակությունը կկարողանա մուտք գործել Լեռնային Ղարաբաղի կամ Լաչինի միջանցքի տարածք»,- ընդգծում է Գրիգորյանը: