«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ակցիա Գլենդելում՝ ի պաշտպանություն Արցախի
02 Օգոստոսի 2023, 21:03
Ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիա է տեղի ունեցել Գլենդելում, որին մասնակցել է նաեւ Գլենդելի նախկին քաղաքապետ Արդի Քասախյանը: Ամերիկահայությունը հուսով է, որ միջազգային ատյանները կարձագանքեն արցախցիների, Հայաստանի ու Սփյուռքի կոչերին՝ ստիպելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:
Ակցիան կայացավ օգոստոսի 1-ի երեկոյան։ Ակցիայի մասնակիցները հավաքվել էին եւս մեկ անգամ փաստելու, որ արցախցիների կողքին են։ Նրանք իրենց հետ բերել էին խաղալիքներ, մանկական սնունդ՝ ցույց տալու համար, որ Արցախի Հանրապետությունում այս օրերին 30 հազար երեխա սննդի խնդիր ունի։
Ներկաները շեշտեցին՝ հանուն հայրենիքի պայքարը միակն է, որի համար երբևէ չպետք է հոգնել: Սա, ի պաշտպանություն Արցախի, արդեն չորրորդ բողոքի ակցիան է։ Ամերիկահայությունը հույս ունի, որ միջազգային ատյանները կարձագանքեն արցախցիների, նաև՝ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության կոչերին և կստիպեն Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ինչպես նաև՝ պատժամիջոցներ կկիրառեն այդ երկրի նկատմամբ։
Բողոքի ակցիային մասնակցում էր նաև Գլենդելի նախկին քաղաքապետ Արդի Քասախյանը, որը AlphaNews-ի հետ զրույցում շեշտեց՝ միասնական ուժերով պետք է պայքարել՝ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար։ «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը Հայաստան է» և այլ վանկարկումներով մասնակիցները Glendale City Hall-ի մոտից երթով շարժվեցին Արցախի փողոց։ Ի պաշտպանություն Արցախի ակցիաները շարունակվելու են: