«Բացում» նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ-ին ու ԵՄ-ին նամակ են փոխանցել՝ պահանջելով հրատապ կարգով դիմել ՄԱԿ-ի ԱԽ

05 Սեպտեմբերի 2023, 17:00

Քաղաքականություն

«Բացում» քաղաքացիական նախաձեռնության՝ շուրջ 10 անդամներ այսօր ակցիաներ են անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակի առջև: Նրանք պահանջում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի վերջինս Արցախում հումանիտար ճգնաժամը վերացնելու մասին վճռական բանաձև ընդունի։ Նախաձեռնության անդամներն այս պահանջը նամակի տեսքով փոխանցել են ՀՀ արտգործնախարարությանն ու Երևանում ԵՄ գրասենյակին։

«Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը անմարդկային դժվարությունների առաջ է կանգնեցրել Արցախի հայ ժողովրդին` զրկելով մարդու հիմնարար իրավունքներից և ստեղծելով հումանիտար աղետ»,– ասված է նամակում։

Նախաձեռնության անդամները կետեր են առաջարկել, որոնք պետք է կենտրոնական լինեն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևում` Բերձորի միջանցքի բացում, այդ ճանապարհով մարդասիրական օգնության առաքում, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկում, Արցախի հայ ժողովրդի իրավունքների հաստատում։

«Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի»,- գրված է նամակում։