Բագրատ Ալեքյան․ Համաշխարհային ճանաչում ունեցող սրտաբանը

10 Հոկտեմբերի 2024, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Բագրատ Ալեքյանը համաշխարհային ճանաչում ունեցող կարդիովիրաբույժ է։ Նա ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է Էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով:

Բագրատ Գեղամի Ալեքյանը ծնվել է Երևանում։ 1974թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում։1992 թվականից զբաղեցնում է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը։

Դեռ երեխա ժամանակ նա հասկացել է, որ աշխարհում ամենալավ մասնագիտությունը մարդկանց բուժելն է։ Այստեղից էլ գալիս է նրա սերը բժշկության հանդեպ։

Բագրատ Ալեքյանն օգտագործում է մի շարք տեխնոլոգիաներ՝ սրտի և անոթների հիվանդությունների բարդ ձևերով մեծահասակ հիվանդների էնդովասկուլյար բուժման համար:

Նա կատարել է բազմաթիվ ներանոթային վիրահատություններ սրտի բնածին արատներ ունեցող երեխաների մոտ, որոնք մշակվել և ներդրվել են Ռուսաստանում։ Հենց Ալեքյանն է աշխարհում առաջին անգամ կատարել աորտաթոքային միջնապատի արատի, աորտայի և աջ փորոքի միջև ֆիստուլի, ինչպես նաև թոքային զարկերակի և ձախ ատրիումի միջև պաթոլոգիական հաղորդակցության փակման վիրահատություն՝ հատուկ սարքով:

Կարդիովիրաբույժը 700-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ 11 մենագրությունների և գրքերի հեղինակ է:

Իր գիտական մշակումների և կլինիկական պրակտիկայում դրանց ներդրման համար Բագրատ Ալեքյանը գիտության և տեխնիկայի բնագավառում արժանացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի:

Մինչև 2016 թվականը սրտաբանը Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի բաժանմունքի ղեկավարն էր:

Իր հարցազրույցներից մեկում Ալեքյանը շատ հետաքրքիր միտք է արտահայտել. «Արդյունքի հասնելու համար պետք է աշխատել։ Նա, ով շատ ու ազնվորեն աշխատում է, անպայման իրեն կգտնի կյանքում: Կարելի է նույնիսկ ասել, որ աշխատասիրությունը մեր ժողովրդի մոտ գենետիկորեն պայմանավորված հատկություն է։ Իսկ բժշկությունը հենց այնպիսի ոլորտ է, որտեղ իսկապես լավ բժիշկ դառնալու համար անհավանական աշխատանք է պահանջվում»։