Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան

04 Հոկտեմբերի 2024, 12:57

Քաղաքականություն

Խմբագիր, հրապարակախոս Վաչե Բրուտյանը Alpha News-ի ուղիղ եթերում վերլուծել է Սրբազան պայքարի նոր մարտավարությունը ու Բագրատ Սրբազանի ուղերձն՝ Առաջին ալիքի եթերից:

«Երբ հայտարարվեց, որ ուզում են Հանրային Հեռուստաընկերություն մուտք գործել ու եթերից ուղերձ հղել ժողովրդին, սա նոր նշաձող էր, որ դրվեց Սրբազան պայքարի կողմից: Իշխանություններն անմիջապես, բնականաբար, հակասեցին դրան: Պատրաստվեցին և իրենց քայլը եղավ հետևյալը, որ՝ «լավ, թող գա, մենք նրան կտանենք Պետրոս Ղազարյանի մոտ ու Պետրոսը իր փնթի և մանրախնդիր հարցադրումներում կջախջախի Սրբազանին, այդպես մենք Սրբազանին կկարողանանք եթերում տապալել: Սա էր իշխանության մոտեցումը:

Ուրիշ ձևով չի կարելի բացատրել այն, որ երբ երթը հասավ Հ1-ի շենքի մոտ, մի քանի րոպե հետո տնօրեն Հարություն Մովսիսյանը իջավ ներքև: Առաջին մակերեսային ակնարկով՝ մարդիկ կարող էին մտածել, որ այսինչ իրավիճակ է իշխանության մոտ, որ կառույցի հիմնական պատասխանատուն միանգամից եկավ՝ խոսելու Սրբազանի հետ»,- ասել է Վաչե Բրուտյանը:

Նրա համոզմամբ՝ իշխանությունն էլ իր մարտավարությունն էր վարում ու տնօրենի պատրաստակամության միջոցով՝ խոսելու Բագրատ Սրբազանի հետ, այլ բան էր թաքնված:

«Բոլորիս աչքին հաճելի էր այն, ինչ տեղի ունեցավ: Նախ բանակցությունները Սրբազան պայքարի ներկայացուցիչների ու տնօրենի միջև: Հետո այն, որ միջին լուծում գտնվեց Սրբազան պայքարի կողմնակիցների հետ: Նրանք ասացին՝ մենք հարցազրույց տալու համար չենք եկել, եկել ենք ուղերձ հղելու: Միջին լուծումը գտնվեց, որի շնորհիվ Սրբազանն իր խոսքը ուղղեց հանրությանը, հետո Պետրոսը փորձեց «պետրոսություն» անել: Անվիճելի է այն, որ Սրբազանը Պետրոսի լարած ծուղակները չընկավ»,- եզրափակել է Վաչե Բրուտյանը: