Baku TV հեռուստաընկերությամբ Հառիճավանքը ներկայացված է որպես Ադրբեջանին պատկանող թուրքական-քրիստոնեական վանք. «Թաթոյան» հիմնադրամ
26 Հունվարի 2024, 10:13
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ Baku TV հեռուստաընկերությամբ Հառիճավանքը ներկայացված է որպես Ադրբեջանին պատկանող թուրքական-քրիստոնեական վանք.
«Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։
Երեկ իշխանական Baku TV հեռուստաընկերությամբ՝ ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացված է՝ որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք։
Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» պետություն, դեռ մի հատ էլ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ են ունեցել։ Այդ տեսանյութում հորինված է մի ամբողջ կեղծ պատմություն, թե իբր Հայաստանի Արթիկ համայնքը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի մաս է։
Տեսանյութը հիմնված է հայերի «ջարդարար» լինելու կեղծ պատմությունների վրա, թե իբր «Հայաստանում պետք է բնակեցվեն արևմտյան ադրբեջանցիներ», որի իրական նպատակը Հայոց հազարամյա պատմության ու Հայաստանի զավթումն է։
Ցուցադրված է ադրբեջանական իշխանության ոչ միայն հայատյաց, այլ նաև քրիստոնեատյաց քաղաքականությունը։
Այս պայմաններում հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է կամ հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակներ»։