ԱՄՆ-ն մտադիր է Կովկասում այնպիսի իրավիճակ ստեղծել, որը Մոսկվային կբերի իր հետ պայմանավորվածության. Հակոբ Բադալյան
17 Նոյեմբերի 2023, 00:10
Նորություն ու զարմանալի չէր ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ Բրայենի նախօրեին արված հայտարարությունը, որը վերաբերում էր տարածաշրջանում Ռուսաստանի ու Իրանի ազդեցությանը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ Բրայենի հայտարարությանը, ըստ որի՝ անցանկալի է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ Ռուսաստանի ու Իրանի հետ ապագա կառուցելը եւ այդ երկու երկրները այլ ընտրություն անելու հնարավորություն ունեն:
«Միացյալ Նահանգների համար առանցքային նշանակություն ունի Ռուսաստան-Իրան գործակցության հնարավորությունները նվազեցնելը: ԱՄՆ պաշտոնյաները բավականին բաց տեքստով այդ մասին խոսել են, որ իրենց մտահոգում է Ռուսաստան-Իրան գործակցության խորացումը եւ իրենք այդ գործակցությունը վտանգավոր կամ ռիսկեր պարունակող են համարում Հարավային Կովկասի համար: Հասկանալի է, որ Միացյալ Նահանգներն այդ գործակցությունը դիտարկում է որպես Կովկասում իրենց ազդեցության ռազմավարական նպատակների կամ հեռանկարների դեմ պատնեշի ձեւավորում»,- ասաց Հակոբ Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ Իրանը զերծ կմնա այնպիսի քայլերից, որոնք կապակայունացնեն տարածաշրջանը:
«Իհարկե, բացառելի չեն, որ կարող են լինել այնպիսի զարգացումներ, որոնք Իրանին կստիպեն ինչ-որ գործողություններ անել, բայց Իրանն առավելագույնն է անելու որեւէ էսկալացիոն նախաձեռնություն թույլ չտալու համար: Իմ գնահատմամբ, Իրանի քաղաքականությունը հիմնված է լինելու դիվանագիտության վրա, ոչ թե ուժի ցուցադրության»,- ընդգծեց Հակոբ Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանը լիարժեք համամիտ չէ այն կարծիքի հետ, որ Միացյալ Նահանգների նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն է: Հակառակը, նրա կարծիքով, ԱՄՆ-ն մտադրություն ունի Հարավային Կովկասում այնպիսի իրավիճակ ստեղծել, որը Ռուսաստանին կբերի ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների, ընդ որում՝ ամերիկյան պատկերացումների շուրջ:
«Ես, իհարկե, կասկածի տակ չեմ դնում, որ նպատակ կա ռեգիոնից դուրս բերել Ռուսաստանին, բայց ես կարծում եմ, որ մենք ավելի շուտ գործ ունենք այն տարբերակի հետ, որ խնդիրներ ստեղծվեն Ռուսաստանի համար եւ նրան բերեն պայմանավորվածությունների դաշտ, որովհետեւ ըստ իս՝ բալանսի տրամաբանությունը ենթադրում է, որ էստեղ Ռուսաստանի ներկայությունն անհրաժեշտ է նաեւ ԱՄՆ-ին»,- հավելեց Հակոբ Բադալյանը: