Բանակցություններում, հնարավոր է, արդեն կա բեկումնային պատրաստակամություն. Անդրեյ Կորտունովը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

07 Նոյեմբերի 2023, 00:05

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գիտական տնօրեն Անդրեյ Կորտունովը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու նախադրյալներ կան։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման նախադրյալները կան՝ հաշվի առնելով, որ Երևանի դիրքորոշումը փոխվել է: Իհարկե, հարցերը մնում են հայ փոքրամասնության վիճակի հետ կապված, սակայն այժմ այս խնդիրն ավելի քիչ սուր է, քան մի քանի ամիս առաջ։ Երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են համաձայնագրեր ստորագրելու ցանկության մասին։ Իհարկե, կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնք պետք է լուծվեն, այն է՝ սահմանազատումն ու սահմանագծումը լիովին տեսանելի չեն, կան փոխադարձ պահանջներ բերման ենթարկված քաղաքացիների, ականապատ դաշտերի քարտեզների վերաբերյալ։ Բայց այս բոլոր հարցերը, եթե կա քաղաքական կամք, հավանաբար կարող են բավականին արագ լուծվել։ Ուստի, ինձ թվում է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը արդարացված է»,- նշել է Կորտունովը։

Կորտունովի խոսքով՝ գերտերությունների միջև կա մրցակցության որոշակի տարր, թե ով է լինելու Երևանի և Բաքվի միջև հակամարտության հիմնական խաղաղարարը։

«Այդ հարցով ոչ միայն Մոսկվան է աշխատում։ Մենք գիտենք, որ Եվրամիության ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են դրանում և կցանկանային նաև հանդես գալ որպես խաղաղարար, իսկ ամերիկյան դիվանագիտությունը շատ ակտիվ է Հարավային Կովկասում։ Գերտերությունների միջև կա մրցակցության որոշակի տարր, թե ով է լինելու հիմնական խաղաղարարը և ով ավելի մեծ ազդեցություն կունենա այս հակամարտության կարգավորման հարցում: Բայց, այնուամենայնիվ, եթե հայտարարություն է արվում այնպիսի մակարդակով, ինչպիսին է Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը, ապա դա նշանակում է, որ դա պարզապես խոսակցություն չէ, և դրա հետևում իրական առաջընթաց կա, գուցե նույնիսկ պատրաստակամություն ինչ-որ դիվանագիտական բեկման»,- եզրափակել է Կորտունովը։

Հիմա եթերում