Բանակցությունները կարևոր են ոչ միայն խաղաղության, այլ նաև ԼՂ հայերի կարգավիճակի համար. ԵԽ պատվիրակության ղեկավար
22 Հունվարի 2024, 22:55
«Մենք լսել ենք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի տարբեր հայտարարություններ, և ամեն մի հայտարարության պետք չէ արձագանքել, որոշ հայտարարություններ կառուցողական են, իսկ որոշները՝ ոչ։ Կարևորն այն է, թե ինչ կլինի իրական կյանքում, որոնք կլինեն հաջորդ քայլերն ու գործողությունները»,- Alpha News-ին ասել է Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը՝ խոսելով Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, թե ադրբեջանական զորքերը կմնան Հայաստանի օկուպացված տարածքներում։
Նրա խոսքով՝ «դեռևս ակնկալիքներ կան, որ երկրները կհամաձայնվեն, ինչպես նախկինում հայտարարել էին սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների անհրաժեշտության մասին»։
«Դա տեղի չի ունեցել ԵՄ միջնորդությամբ, ոչ էլ Վաշինգտոնում: Կարծում եմ՝ կարևոր է, որ երկրները վերջապես գան ընդհանուր հայտարարի և վերջապես սկսեն երկխոսել ոչ միայն խաղաղության, այլ նաև Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի կարգավիճակի շուրջ։ Ես ուշադրություն չէի դարձնի նախագահ Ալիևի բոլոր հայտարարություններին, մենք գիտենք, որ նա հայտնի է իր հակասական հայտարարություններով, որոնք չեն արտացոլում մարդու իրավունքների և միջազգային օրենքների դրույթները»,- նշել է նա։
Խոսելով այն մասին, թե հավատո՞ւմ է, որ արդյունքում ադրբեջանական բանակի զորքերը հետագայում դուրս կբերվեն Հայաստանից, նա ասել է, որ չի շահարկելու․ «Խոսքերն ու գործողությունները տարբեր բաներ են, եկեք սպասենք և տեսնենք, թե իրականում ինչ կլինի»։
Նա նաև հավելել է․
«Եվրախորհրդարանը շատ հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է կախված լինեն նրանից, թե ինչպես է նա իրեն պահում։ Մենք խնդրել ենք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Ադրբեջանը համարձակվի մեծ էսկալացիա անել կամ շարունակի խախտել միջազգային իրավունքը։ Այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք, և շարունակելու ենք ճնշում գործադրել Եվրահանձնաժողովի վրա»։