Բանավեճում Թրամփի կեցվածքն ավելի նախագահական էր․ Հայկ Տեր-Ներսիսյան

13 Սեպտեմբերի 2024, 13:40

Կարծիք | Քաղաքականություն

Սեպտեմբերի Հարիսի և Թրամփի միջև տեղի ունեցած բանավեճում Թրամփի կեցվածքն ավելի նախագահական էր: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը։

«Թեկնածուներն էլ ավելի լավ հանդես եկան, քան ակնկալելի էր: Օրինակ՝ Թրամփից բավականին վախեր կային՝ կապված իր բնավորության հետ, որովհետև ինքն ավելի ագրեսիվ է ու իր պաշտպանությունը հարձակումն է: Դա է Թրամփի ոճը: Քանի որ Հարիսն էր իր առջև, ոչ թե Բայդենը, Թրամփը ոչ մի անգամ չընդհատեց, ընդհակառակը՝ Հարիսը նրան երկու անգամ ընդհատեց: Դա վկայում էր այն մասին, որ հստակ աշխատել էին Թրամփի հետ, որ ինքը պիտի համբերատար լինի, հենց իրեն հարց տան, այն ժամանակ պատասխանի: Այդ առումով՝ ավելի նախագահական էր Թրամփի պահվածքը»,- նկատել է քաղաքագետը:

Նա բացաատրել է՝ Դոնալդ Թրամփը երկու կերպար ունի՝ թեկնածու ու նախագահ:

«Թրամփը երկու կերպար ունի՝ թեկնածու ու նախագահ: Բանավեճին նախագահի կերպարում էր: Օբաման շատ լավ հռետոր է: Չեմ ասի՝ Հարիսը Օբամային ամբողջովին կարողացավ ընդօրինակել, բայց զգացվում էր, որ աշխատանքն այդ ուղղությամբ է տարվել»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով՝ կարևոր չէ, թե ով հաղթեց բանավեճում, կարևորն այն է, թե նախագահ դառնալուց հետո յուրաքանչուրի վարած արտաքին քաղաքականությունն ինչպիսին կլինի:

«Գերտերություննեը մի փոքր ուրիշ փիլիսոփայությամբ են գործում, թեև հեռուստատեսությամբ լոզունգներն ուրիշ են: Ամերիկյան տեսանկյունից՝ եթե կարող ես հակառակորդին մաշեցնել ուրիշի ձեռքով, նույնիսկ եթե վերջնական արդյունքը չլինի այն, ինչ դու ուզում էիր, միևնույն է, մաշեցրու: Դա մի քիչ անմարդկային է, սառնասիրտ:

Քանի որ Ռուսաստանը որոշել է ուկրաինական հարցը ուժով լուծել, մեծ հնարավորություն է տվել ԱՄՆ-ին ու Չինաստանին՝ օգտվել այդ իրավիճակից: Որևե երկրում չեն նստում ու ասում՝ այ, այսքան մարդ է մահացել»,- ասել է Հայկ Տեր-Ներսիսյանը:

Քաղաքագետը թվարկել է հնարավոր դեպքերը, թե ինչ կանեն Հարիսն ու Թրամփը, եթե դառնան նախագահ:

«Եթե Քամալա Հարիսն է ընտրվում նախագահ, հավանաբար, արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը կլինի կոլեկտիվ անվտանգության տրամաբանության մեջ, այսինքն՝ արևտյան, դեմոկրատական պետությունների կոնտեքստում:

Եթե նախագահ դառնա Դոնալդ Թրամփը, հավանաբար, կդառնա այսպես. կոնկրետ երկրի վրա ճնշում կգործադրի, եթե խնդիր ունենա:

Այն ակնկալիքը որ կա՝ Թրամփը եթե լինի նախագահ, Ուկրաինայի պատերազմը արագ ավարտվելու է, կարծում եմ՝ այսպես չի լինի: Երբ ինքը եկավ իշխանության, շատ ուղիղ բանակցություններ են գնալու Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հետ: Հավանաբար, Չինաստանի ու Իրանի նկատմամբ շատ ագրեսիվ մոտեցում է ունենալու Թրամփը: Այստեղ խնդիր է լինելու՝ Ռուսաստանն ի՞նչ դիրք է ունենալու, մնալու է այն տրամաբանության մեջ, որ այսքան տարի գնացել է, թե ինքն էլ է փորձելու այդ կոնտեքստից մի փոքր դուրս գալ»,- եզրափակել է Հայկ Տեր-Ներսիսյանը:

Հիմա եթերում