Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով առաջ է մղելու իր դիրքորոշումը, քանի որ իրեն հաղթող է համարում. Անդրեյ Արեշև
05 Դեկտեմբերի 2025, 23:52
Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի եթերում մեկնաբանել է երկրի էներգետիկ համակարգը վերափոխելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփումները։
«Եվրոպացի գործընկերները հետևողականորեն ինտեգրում են Հայաստանը ադրբեջանա-թուրքական էներգետիկ նախագծերին՝ օգտագործելով աշխարհագրական գործոնը և ձեռնարկելով բոլոր հնարավոր միջոցները։ Ընդ որում, խոսքը միայն փիառի մասին չէ։ Օրինակ, մենք տեսնում ենք հայկական ատոմակայանի վրա պարբերական հարձակումներ՝ եվրոպացի դիվանագետների և սահմանամերձ նահանգների թուրքական իշխանությունների կողմից։ Կարծում եմ՝ մոտ ապագայում արժե սպասել տեղեկատվական աղմուկի նոր ալիքի՝ իբրև թե «Ռոսատոմ»-ի կառավարման ներքո գտնվող կայանի բնապահպանական վնասի մասին, ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի համար։
Դա կօգտագործվի ֆինանսական ներդրումների և հայկական էներգետիկ համակարգի վերակողմնորոշմանն ուղղված ջանքերի հետ մեկտեղ։ Մենք գիտենք, որ առաջին քայլերն արդեն արվել են. խոսքը էլեկտրական ցանցերի սեփականաշնորհման փորձերի մասին է։ Շրջանառվում էին լուրեր թուրք գործընկերներին ընկերությունը վաճառելու մասին, որոնք հետաքրքրություն էին դրսևորել։ Ազգայնացումը կարող է լինել այդ ուղղությամբ ընդամենը միջանկյալ քայլ։ Մենք նաև տեսնում ենք աշխատանքներ Կարս-Գյումրի երկաթուղային հատվածում, ինչը կարելի է դիտարկել որպես սահմանի բացման նախապատրաստություն։ Հաջորդ գործոնը կարող է լինել Հայաստանի վերակողմնորոշումը դեպի ադրբեջանական, կասպիական գազը։ Սա քաղաքականություն է և աշխարհաքաղաքականություն, նույնիսկ եթե այն վնաս է հասցնում սպառողի շահերին։
Առաջին հերթին, խոսքը հայկական էլեկտրաէներգիայի վերափոխման մասին է՝ հաշվի առնելով թուրքական և ամերիկյան գործընկերների շահերը։ Վերջիններս ակտիվորեն Հայաստանին առաջարկում են նախագծեր արհեստական բանականության ոլորտում՝ ձգտելով երկիրը դարձնել տարածաշրջանային կենտրոն։ Այս նախաձեռնություններն ուղեկցվում են կոնկրետ գործողություններով՝ թուրքական և ամերիկյան կողմի մասնակցությամբ»,- նշել է փորձագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Արեշևի խոսքով՝ Բաքվի լրացուցիչ պահանջների մասին հայ հասարակությունը կիմանա արդեն ընտրություններից հետո։
«Թուրքական դիվանագիտությունը հայտնի է իր հետևողականությամբ, և ես չեմ կարծում, որ նա հետ կկանգնի այդ դիրքորոշումից։ Ադրբեջանի նախագահը բազմիցս հրապարակայնորեն կրկնել է դա, և կարծում եմ, այդպես էլ կլինի Երևանի հետ երկկողմ երկխոսության համատեքստում։ Հիմա հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Մի կողմից, Բաքվի հստակ ու հետևողական դիրքորոշումն է, իսկ մյուս կողմից՝ երկկողմ շփումները։ Վերջերս միջկառավարական հանձնաժողովը նիստ էր գումարել Գաբալայում, որտեղ ներկա էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ինչպես հասկանում եմ, սպասվում է պատասխան այց։ Բացի այդ, կան շփումներ քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների մակարդակով, որոնք մեծ արձագանք են առաջացրել։ Ես ուշադրություն դարձրեցի Հայաստանի բավականին բարձրաստիճան պատվիրակության այցին անմիջապես Ադրբեջան։ Նախկինում հանդիպումները տեղի էին ունենում սահմանին, իսկ հիմա դա արդեն փոխգործակցության ավելի խորը ձևաչափ է։ Կարծում եմ՝ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով առաջ է տանելու իր դիրքորոշումը՝ օգտվելով նրանից, որ իրեն հաղթող է համարում, և ավելի ու ավելի շատ զիջումներ է պահանջելու՝ ոչ միայն այն, ինչ նշված է օգոստոսին կնքված խաղաղության պայմանագրի նախագծում։ Հնարավոր է՝ կան լրացուցիչ պահանջներ, որոնց մասին հայ հասարակությունը կիմանա արդեն ընտրություններից հետո»,- նշել է քաղաքագետը։