Բաքուն ցանկանում է քննարկել միայն ինտեգրացիան, այլ թեմա չի քննարկում․ Արայիկ Հարությունյան
30 Հունիսի 2023, 18:17
Հունիսի 29-ին հրավիրված Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ խոսել է այն մասին, թե ինչու չպետք է ընդունել Ադրբեջանի առաջարկը և գնալ Բաքու բանակցելու:
Ըստ Հարությունյանի, Բաքուն մեկ թեմա է քննարկում ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում եւ պահանջում է լուծարել Պաշտպանության բանակը: ՍիվիլՆեթը ներկա է եղել նիստին և գրի է առել պատգամավորների ու նախագահի հարցուպատասխանի ժամանակ հնչած առավել կարևոր մտքերը, որոնք ներկայացնում ենք առանց խմբագրման։
«Որովհետև Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում։ Տարբեր տեղերից ասում են՝ գնանք համոզենք։ Փորձել եմ, ընկերնե՛ր, երկու տարի փորձել եմ։ Եթե որևէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, [ապա] վերջին փուլում չեմ բանակցել, ես չեմ գնացել։
Այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, որովհետև վերջում գալիս ասում են՝ էս է մեր նպատակը։ Մենակ մեզ չեն ասում, այդ օրակարգը ասում են ՄԱԿ-ում, ասում են երեկ և այսօր՝ Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ։ Ադրբեջանը մեզ ասում է՝ առաջին կետ՝ պաշտպանության բանակը լուծարել։ Պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման։ Հերթականությունն ասեմ՝ գնում եք հայտարարում՝ բանակը լուծարել եք, պետական կառավարման համակարգը լուծարում եք։ Հազիվ ստեղծում են համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն գնալ-գալ։
Եվ պարզ է, թե ինչպես են թողնելու՝ որպես Ադրբեջանի քաղաքացի: Ես դեմ չեմ բանակցություններին, ես դեմ չեմ հանդիպումերին։ Ամենաշատ կողմը ես եմ եղել և ամենաշատ հանդիպումները ես եմ իրականացրել։
Մենք պիտի գիտակցենք, որ ունենալու ենք խնդիրներ, հաղթահարելի է այդ ամենը, ժողովո՛ւրդ, երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանություն և դիմարողականության բարձրացում։ Այդ առումով ի՞նչ ենք արել և ի՞նչ պիտի անենք, եթե ցանկություն լինի, առանձին կքննարկենք»,-ասել է Արայիկ Հարությունյանը։
Նույն նիստին Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների (հունիսի 27-29-ի) հանդիպմանը քննարկվող ամենածանր թեմաներց մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին և այլն: Նա առաջարկել է պատգամավորներին Արցախի արտաքին գործերի նախարարի հետ ժամանակ գտնել, կազմակերպել փակ հանդիպում։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հետ գործածկցությանը, Արցախի նախագահն ասել է, որ ամեն օր շփումներ կան, կան նաև խնդիրներ, ինչը նման ձևաչափով պետք չէ քննարկել։