Բաքուն Երևանի հետ պայմանագիր չի ստորագրի, քանի դեռ դա հնարավոր է. Ռոբերտ Ուստյան

Քաղաքագետ Ռոբերտ Ուստյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։

Փորձագետի կարծիքով՝ Ալիևն այդպես էլ չկարողացավ ընդհանուր գաղափար մտածել, որը կարող էր միավորել ադրբեջանական ժողովրդին, բացի հայկական սպառնալիքից:

«Ադրբեջանի կողմից խաղաղ գործընթացի ձգձգումն իրականում պարզ բացատրություն ունի. նախագահ Իլհամ Ալիեւը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այդպես էլ չկարողացավ ընդհանուր գաղափար հորինել, որը կարող էր միավորել ադրբեջանական ժողովրդին, ուստի համակարգված կերպով օգտագործվում է այսպես կոչված հայկական սպառնալիքը, պահպանվում է հասարակության մեջ լարվածության և վախի որոշակի աստիճան։

Հայաստանն այնպիսի ունիվերսալ խրտվիլակ է Ալիևի համար, որ ավելի ու ավելի ամրապնդի ավտորիտար իշխանությունը երկրում: Եվ նա պարզապես չի սահմանափակվում այս սպառնալիքով: Եթե վերլուծենք Ադրբեջանի Հանրապետության ռազմական ծախսերը, ապա այս տարի դրանք աճել են 30 տոկոսով։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Բաքուն հայտարարում է խաղաղության պատրաստակամության մասին, բայց եթե խորանանք, դա ոչ այլ ինչ է, քան գործող նախագահի կողմից ուժային բլոկի լոյալության գնում, որը կարող է ինչ-որ պահի դուրս գալ վերահսկողությունից, եթե Ադրբեջանում առաջանան զանգվածային ցույցեր կամ որևէ սպառնալիք ներկայիս ռեժիմին: Դրա համար էլ այն ամենն, ինչ տեղի է ունենում, հեշտությամբ տեղավորվում է Ալիևի գաղափարների բացակայության տրամաբանության մեջ, և այդ ամենն ի վերջո ձգձգում է գործընթացը», — ասել է Ուստյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Բաքուն մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ:

«Ոչ մի պարագայում, քանի դեռ դա հնարավոր է, Բաքուն չի ստորագրի այդ պայմանագիրը։ Եթե նույնիսկ Փաշինյանն ընդունի այն ամենն, ինչ պահանջում է Բաքուն, ապա Իլհամ Ալիևը կհրաժարվի այն պատճառով, որ Փաշինյանն աչքի վերևում հոնք ունի։ Դրա համար էլ այն ամենն, ինչ տեղի է ունենում այդ գործընթացում, հասնում է արդեն անհեթեթության, բայց մյուս կողմից էլ այն ամենը, ինչ տեղի է ունենում, սկսում է ոսկե ձկնիկի հեքիաթը հիշեցնել, երբ Բաքվի պահանջներն ավելի ու ավելի են մեծանում, բայց վերջում դա կարող է աղետալի ազդեցություն ունենալ և՛ խաղաղ գործընթացի, և՛ Ադրբեջանի նախագահի վրա, այդ թվում այն պատճառով, որ նա կարող է մնալ շատ ավելի քիչ պահանջներով, քան այսօր դնում է սեղանին։

Ուստի, այս գործընթացը հեռու է իր ավարտից, բայց զուգահեռ գլոբալ գործընթացները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում և Ռուսաստանում բանակցային գործընթացի շուրջ, կարող են շատ էականորեն փոխել ուժերի դասավորությունը Հարավային Կովկասում։ Եվ մոտ ժամանակներս, կարծում եմ, մենք կտեսնենք կարևոր իրադարձություններ, որոնք կարող են շուռ տալ այս շախմատային տախտակը և պետք կլինի նորից շարել խաղաքարերը։ Եվ թե որտեղ կլինի Ալիևի տեղն այդ կոնֆիգուրացիայում, մեծ հարց է», — եզրափակել է Ուստյանը։