Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը. Ալիևի ներկայացուցիչ
21 Սեպտեմբերի 2023, 15:46
Եվլախի բանակցությունները կարող են հանգեցնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին: Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Արցախահայության պատվիրակությունը արդեն լքել է Եվլախ քաղաքը, որտեղ բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի պատվիրակության հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Արցախում հրադադարի մասին պայմանավորվածությունների հաջորդ օրը:
Ամիրբեկովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը միջազգային իրավունքի հիման վրա կունենա հինգ կետ, երկու երկրները պարտավոր կլինեն չմիջամտել միմյանց գործերին:
«Մենք հայկական կողմին ենք փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը, սպասում ենք նրանց արձագանքին», — հայտարարել է Ամիրբեկովը:
Նրա խոսքով՝ արցախահայության հետ առանձին համաձայնագիր չի պահանջվում։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շուտով կկայանա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում։