Բաքուն և Երևանն իրենք են որոշում խաղաղության ստորագրման ժամկետները. Զախարովա

12 Դեկտեմբերի 2023, 19:20

Քաղաքականություն

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ կողմերը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։ Նրա խոսքով՝ Մոսկվան ամեն կերպ կաջակցի իր գործընկերներին շուտափույթ խաղաղության հաստատման հարցում։

«Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը նոր հնարավորություններ է բացում Բաքվի և Երևանի հաշտեցման համար։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին, դա որոշում են իրենք՝ կողմերը։ Մեր հերթին մենք հետագայում պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին՝ հավասարակշռված համաձայնության հասնելու համար։ Նման փաստաթուղթը կոչված է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հուսալի հիմք դնելու», — հայտարարել Է Զախարովան։

Միևնույն ժամանակ, դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Երևանի «Եվրոպական ձգտումների» մասին: Ըստ ռուսական գերատեսչության ներկայացուցչի՝ այդ հաղորդումները ոչ մի կապ չունեն Ռուսաստանի հետ:

«Դուք նշեցիք երեք երկիր, որոնց մեջ չկա Ռուսաստանը։ Մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում։ Դա մեզ չի վերաբերում արված հայտարարությունների շրջանակներում», — նշել է նա։