Բաքուն մերժում է արցախահայության համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու մասին Հայաստանի պահանջը

23 Հունիսի 2023, 18:21

Քաղաքականություն

Բաքուն մերժել է Լեռնային Ղարաբաղի հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու մասին Հայաստանի պահանջը: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: 

«Պաշտոնական Բաքուն Ղարաբաղում բնակվող հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտություն չի տեսնում եւ Երեւանի համապատասխան հայտարարությունները համարում է միջամտություն երկրի ներքին գործերին:

Ադրբեջանի Սահմանադրությունը եւ մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց անդամ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները բնակչության այդ հատվածի իրավունքները երաշխավորելու համար»,- ասել է Բայրամովը: 

Նրա խոսքով՝ «վերաինտեգրացիայի» շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են օգտագործել իրենց լեզուն, պահպանել իրենց մշակույթը, կրթություն ստանան իրենց մայրենի լեզվով, ինչպես մյուս էթնիկ փոքրամասնություններն են անում Ադրբեջանում»: 

Ջեյհուն Բայրամովը չի բացառել խաղաղության պայմանագրի ստորագրումը 2023 թվականի ընթացքում՝ նշելով բանակցություններում գրանցված որոշակի առաջընթացի մասին: 

«Մեծ ակնկալիքներ կան Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլից: Եթե Երեւանը կամք դրսեւորի եւ ոչ միայն հայտարարություններ անի, այլ որոշակի գործնական քայլեր ձեռնարկի, ապա կարծում եմ՝ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչեւ տարեվերջ։ Բայց եթե Հայաստանը դրան պատրաստ չէ, ապա պայմանագրի ստորագրումը կարող է հետաձգվել»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: 

Նշենք, որ Հայաստանի վարչապետը բազմիցս է հայտարարել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում կազմակերպելու անհրաժեշտության մասին:

Հիմա եթերում