Բաքուն մերժում է սահմանից զորքերը դուրս բերելու Երևանի առաջարկը. Ջեյհուն Բայրամով

14 Դեկտեմբերի 2023, 18:00

Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն է ստեղծվել: Այս մասին Ադրբեջանում այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանն ու Թուրքիան կարծում են, որ տարածաշրջանի հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի նույն ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու Երևանի առաջարկին և այն համարել անընդունելի։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ։ Նման պայմաններում, եթե դուք դուրս բերեք զորքերը, որտե՞ղ են երաշխիքները, որ այդ դիրքերը չի զբաղեցնի մյուս կողմը։ Հայկական այս առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար»,- ասել է Բայրամովը՝ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։