Բաքվի դատավարությունը հանցագործության մեղքը զոհի վրա բարդելն է. ԵԽ պատգամավոր
02 Ապրիլի 2025, 21:15

«Սա բացարձակապես սկանդալային է՝ մեղքը հանցագործից զոհի վրա տեղափոխելը: Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների կազմակերպումից հետո Ալիևն այժմ մեղքը գցում է զոհերի վրա», — Alpha News-ին ասել է ԵԽ-ի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին:
Պատգամավորը նաև հավելել է․
«Եվրոպան պետք է շատ հստակ հասկացնի, որ մենք դա չենք ընդունի որպես դատարանի որոշում: Այնուամենայնիվ, Եվրոպան մինչ այժմ ոչինչ չի արել, և իմ իրական զայրույթն այն է, թե «այսպիսով, ինչ-որ քաղաքական կամք կլինի՞ այս հարցում»։ Իմ իրական զայրույթն ուղղված է Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին, քանի որ խորհրդարանը շատ հստակ տվել է իր եզրակացությունները։
Մենք միշտ ասում ենք, որ սատարում ենք Ալիևի այս «մանևրների» զոհ դարձած Հայաստանին, հայ ժողովրդին։ Բայց ոչ հանձնաժողովը, ոչ էլ խորհուրդը որևէ քայլ չեն ձեռնարկել։ Նույնիսկ այն դեպքում, երբ այնպիսի երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, ենթարկվում է Ադրբեջանի կողմից ուղղակի հարձակման իր տարածքային ամբողջականության դեմ։ Հանձնաժողովի և Խորհրդի խնդիրն է, որպեսզի հետևողականություն ցուցաբերեն և սկսեն գործել։ Որպես խորհրդարան՝ մենք պետք է ճնշում գործադրենք»,- ասել է եվրապատգամավորը։
Մեկնաբանելով դատարանի ռեպորտաժները՝ Բելամին նշել է, որ բանտարկյալների պատկերները վկայում են այն մասին, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների։
«Որպես խորհրդարան, մենք իսկապես արտահայտում ենք այդ մտահոգությունը։ Եւ ես հատկապես աջակցում եմ բանտարկյալների ընտանիքներին, մտածում եմ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի մասին, տեսնում ենք, որ նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում, և հիմա սպասում ենք հանձնաժողովի և խորհրդի որոշմանը։
Եվ հենց նրանք կարող են պատժամիջոցներ նախաձեռնել, որպեսզի դադարեցնեն այդ գազային գործարքն Ադրբեջանի հետ, բացառեն Ալիևի և նրա ռեժիմի ժամանումը եվրոպական մայրաքաղաքներ։ Եվ վերջապես ստանալ այն, ինչ մեզ անհրաժեշտ է մեր դիրքորոշումը պաշտպանելու համար»,- եզրափակել է նա։