Բաքվի դիրքորոշումը բացարձակ կեղծավոր է և մարդակեր. Ալեքսեյ Անպիլոգով
11 Սեպտեմբերի 2023, 22:00
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի դիրքորոշումը, որը ձգձգում է ռուսական Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մարդասիրական բեռների տեղափոխումը Արցախ։
«Ադրբեջանն այժմ խաղում է ամոթալի երկակի խաղ, մի կողմից հայտարարությունները գրեթե նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մակարդակով են, որ հայտարարել է, թե իբր սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Լաչինի միջանցքի և Աղդամ տանող ճանապարհի միաժամանակյա ապաշրջափակման վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ, Արցախի իշխանություններին մեղադրում են, որ արցախյան կողմն է, որ հրաժարվում է նման պայմանավորվածությունից: Դա նույնն է, թե խեղդվողին փայտ մեկնես, բայց այն պահին, երբ նա ձեռքը մեկնում է դրա ուղղությամբ, հետ է քաշես ու ասես, որ ինքը չի ուզում փրկվել։
Մենք՝ բոլորս, հիանալի հասկանում ենք, որ Արցախում ամիսներ շարունակ հումանիտար ճգնաժամ է զարգանում, և սա պաշտոնական Բաքվի դիրքորոշումն է, որ խեղդվողն ինքը չի ուզում փրկվել, դա, իհարկե, բացարձակ կեղծավոր է ու մարդակեր»,- ասել է Անպիլոգովը:
Փորձագետը նշում է, որ հայկական կողմի բարի կամքը ադրբեջանական կողմից չի ընկալվել՝ որպես իրավիճակի կառուցողական լուծմանն ուղղված քայլ։
«Միևնույն ժամանակ, արժե հասկանալ, որ ռուսական բեռները, որոնք պետք է Ստեփանակերտ ուղարկվեին Աղդամ-Ասկերան ճանապարհով, ռուսական Կարմիր խաչի բեռն է, այսինքն՝ դա բացարձակապես մարդասիրական բեռ է, որով նախատեսված է փրկել Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված անտանելի իրավիճակը։
Ընդ որում, հայկական կողմը համաձայնեց նրան, որ այդ բեռը գնա հենց Աղդամի ճանապարհով, ինչը ադրբեջանական կողմն ընկալում է որպես որոշակի զիջում։ Բայց, այս զիջումը ոչ թե ընդունվեց՝ որպես բարի կամքի դրսևորում, այլ՝ որպես թուլության արարք։
Եվ հետևաբար, Բաքուն այժմ, խոփսքային մակարդակում գիտակցելով և՛ հումանիտար ճգնաժամը, և՛ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման կարևորությունը, շարունակում է Արցախի շրջափակումը, և հումանիտար ճգնաժամը համարում է Ստեփանակերտի, և մասամբ Երևանի վրա ճնշում գործադրելու լծակ՝ հայկական Արցախի հարցը փակելու համար՝ այն ձևակերպմամբ, որն անհրաժեշտ է Բաքվին։ Այն է՝ հայկական փաստացի ինքնավարության ամբողջական ստորադասումը՝ պաշտոնական Բաքվի շահերին»,- կարծում է քաղաքագետը։
Ալեքսեյ Անպիլոգովի խոսքով՝ պաշտոնական Բաքվի բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են, քան Արցախի վրա ազդելու փորձ՝ տեղի բնակչության անկախության ցանկությունը կասեցնելու համար։
«Ամենահավանականը հետևյալ քաղաքականության շարունակությունն է. Արցախում հումանիտար ճգնաժամն ամբողջությամբ չլուծված պահել, բայց մյուս կողմից, թույլ չտալ միջազգային դիտորդների ներկայություն, արցախահայության ճակատագրի առնչությամբ որևէ արձագանք:
Միգուցե, ինչ-որ փուլում բեռները նորից թույլ կտան անցնել, որից հետո միջանցքները կրկին կարգելափակվեն։ Իսկ նման քաղաքականությունը՝ մի կողմից չթողնել, որ Արցախը խեղդվի, իսկ մյուս կողմից՝ Արցախը պահել սովի մեջ, կլինի Բաքվի դիրքորոշումը, որը, իր կարծիքով, պետք է կասեցնի Արցախի հայ բնակչության ինքնավարության ցանկացած փորձ»,- եզրափակել է Անպիլոգովը։