Բաքվի և Անկարայի հետ Երևանի բախումը մոտ է. Սատանովսկին ուրվագծել է հարաբերությունների կարգավորման թուրքական տարբերակը

16 Հունիսի 2023, 08:12

Կարծիք

Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում Էրդողանի վերընտրվելուց հետո չի փոխվի: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նրա կարծիքով՝ դա արդեն նկատելի է այն բավականին կոշտ վերջնագրում, որն Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին։

«Էրդողանը հաղթեց, և նա Բաքվի ամենամոտ դաշնակիցն է։ Նա ղարաբաղյան երկրորդ պատերազմի հաղթողներից մեկն է։ 

Լեռնային Ղարաբաղի և դրա` Հայաստանին պատկանելու թեման փակված է, ընդ որում փակված է Փաշինյանի կողմից։ Կմնա՞ն հայերն այնտեղ, թե՞ ոչ և ինչ կարգավիճակով, այսօր հսկայական հարց է։ Բացի այդ, բաց է Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջեւան միջանցքի թեման, եւ մեծ հարց է, թե արդյոք Հայաստանի Սյունիքի մարզը կմնա Հայաստանի վերահսկողության տակ։ Փաշինյանն ակնհայտորեն ցանկանում է ազատվել Ղարաբաղում ռուսական ռազմաբազայից և ռուս խաղաղապահներից։

Բայց այս պարագայում անհասկանալի է, թե ինչու նա չպետք է պարտվի Բաքվի ու Անկարայի հետ հերթական բախման ժամանակ։ Ընդ որում, ինչն ակնհայտորեն մոտ է», — նշեց Սատանովսկին:

Այս առումով նա Փաշինյանին հակասական անձ անվանեց։

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կարգավորման մասին է խոսքը։ Եթե ​​Հայաստանը դառնա ապագա Օսմանյան կայսրության ծայրամասային գավառներից մեկը, որն այսօր կառուցում է Էրդողանը, ապա նորմալացում հնարավոր է։

Իսկ ուրիշ ի՞նչ ճակատագիր ունի Հայաստանը, ես իսկապես չեմ հասկանում։ Հայաստանի վարչապետի կողմնորոշումը բացառապես դեպի Արեւմուտք այլ ճակատագիր չի թողնում Հայաստանին։

Այն ամենը, ինչ նա անում է, բխում է Միացյալ Նահանգների շահերից: Իսկ ԱՄՆ-ի շահերը Հայաստանի ու Իրանի ու Ռուսաստանի կապի վերացման մեջ են։ Այս դեպքում ի՞նչ շանսեր ունի Հայաստանը և ինչի՞ համար։ Ոչ մի։ Այն կլինի Թուրքիայի ծայրամասը։ Էրդողանին նման կարգավորումն անկասկած կբավարարի»,- ընդգծել է փորձագետը։

Հիմա եթերում