Բաքվի հայերի դատավարությունը նման է ստալինյան ցուցադրական գործընթացներին. եվրապատգամավոր

14 Մարտի 2025, 20:10

Քաղաքականություն

Հայ գերիների հարցում Ադրբեջանի վրա ազդեցության կոնկրետ մեխանիզմներ չկան, բայց Եվրոպական հանձնաժողովը պետք է սկսի այդ հարցի բարձրացումից, արտահայտվի և իր մտահոգությունը հայտնի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Իռլանդիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարան։

«Եվրահանձնաժողովի լռությունը մինչ այժմ խլացնող էր։ Ինձ թվում է, որ ներկայիս հանձնաժողովը կարծես թե մի փոքր տարված է մեկ երկրով և միայն մեկ երկրով՝ Ռուսաստանով։ Հանձնաժողովը կարող է մտահոգվել Ռուսաստանի համար, բայց դա չի նշանակում, որ աշխարհում չկան բազմաթիվ այլ խնդիրներ, այդ թվում՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների դեմ շինծու դատավարությունը, որը շատ նման է Ստալինյան ցուցադրական գործընթացներին։ Դա իսկապես պետք է լուծվի։

Այն փաստը, որ Ադրբեջանը չի համագործակցում Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ, պետք է առաջ քաշվի, հատկապես, երբ այդ բանտարկյալները գտնվում են մի երկրի բանտերում, որտեղ չկա բանտերի անկախ մոնիտորինգ, որտեղից Ադրբեջանն այժմ փորձում է վտարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Այս ամենը խախտում է միջազգային նորմերն ու չափանիշները, սակայն մենք տեսնում ենք, որ Եվրահանձնաժողովը լռում է այդ մասին։ Դա ուղղակի անընդունելի է, ԵԽ-ն պետք է բարձրաձայնի այս խնդիրների մասին, իսկ հետո, եթե դա չի աշխատում, պետք է քայլեր ձեռնարկի:

Ես մասնակցել եմ խորհրդարանում էներգետիկ թեմաներով բանավեճին: Ակնհայտ է՝ այն փաստը, որ Ադրբեջանը հանդիսանում է գազի և, մասնավորապես, նավթի խոշոր արտահանող, նրան մեծ ուժ է տալիս աշխարհում։ Բայց նույնը Ռուսաստանի հետ էր, և մենք պատրաստ էինք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, երբ դա անհրաժեշտ էր, և ես կարծում եմ, որ ի վերջո դա է վերջնական նպատակը, բայց մենք դեռ չենք հասել դրան: Մենք դեռ հեռու ենք դրանից, բայց պետք է սկսենք դիվանագիտությունից, և այդ դիվանագիտությունը պետք է ղեկավարվի Եվրամիության գլխավոր դիվանագետի կողմից»,- ասել է ՄաքՆամարան։

Խոսելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին՝ պատգամավորը նշել է, որ դա վերջնական միջոց է, որը կարող է ընդունվել:

«Բայց մենք դեռ չենք հայտարարել այդ մասին, դեռ չենք էլ սկսել այդ ճանապարհը։ Ինչպես տեսնում ենք, փողն ամեն ինչ է որոշում, իսկ Ադրբեջանը շատ հարուստ պետություն է։ Մենք գիտենք, որ նրանք նախկինում փող են օգտագործել, որպեսզի փորձեն ազդել ԵԽԽՎ-ի ձայների վրա։ Ես այդ ժամանակ պատգամավոր էի, այդ մասին այն ժամանակ էլ ասել եմ։ Բայց կարևոր է, որ մենք նույն չափանիշները կիրառենք յուրաքանչյուր երկրի նկատմամբ։ Այս պահին կարծես թե մեր գլխավոր դիվանագետը (Ուրսուլա ֆոն դեր Լայեն-խմբ.) դա անում է»,- նշել է նա։