Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն. Մեթյու Միլլեր
31 Օգոստոսի 2023, 20:30
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակը` շեշտելով, որ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները պետք է հանդիպեն և պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու շուրջ։
«Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին մշտապես աշխատել է կողմերի հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնությունը հասանելի դառնալ», — նշել է ԱՄՆ պաշտոնյան։
Մեթյու Միլլերը վերահաստատել է Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու Վաշինգտոնի կոչը՝ նշելով.
«Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն, համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ապրող տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր ապրանքների փոխադրումը, այդ թվում՝ մատակարարման լրացուցիչ ուղիներով և վերսկսեն քննարկումները բոլոր առկա խնդիրների շուրջ»։
«Պարզ հումանիտար աջակցությունը երբեք չպետք է քաղաքական տարաձայնությունների գերին դառնա», — ընդգծել է ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակը: