Բաքվի պատասխանները Հայաստանին, արտաքին իրավիճակով պայմանավորված, կարող են նաև փոխվել. Արա Պողոսյան

26 Փետրվարի 2025, 22:40

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը:

«Մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,- ասել է նա:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ:

«Այնպիսի պատասխան, ինչպիսին ստացվել է, ըստ Բաքվի, ամենապրագմատիկն է: Բաքուն խաղաղության խաչմերուկի մասով վաղուց իր պատասխանը հնչեցրել է՝ ասելով, որ սա իրենց համար անընդունելի է ու ուզում են միջանցք՝ հղում անելով նաև 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին: Ըստ էության, Բաքվի ռազմավարությունն այս մասով հիմնվել է առավելապաշտական նպատակների վրա, ու Բաքուն նպատակ ունի այս կամ այն կերպ ստանալ ՀՀ-ից միջանցք: Ինչպիսի ձևակերպումներ էլ Հայաստանի իշխանությունները տան, ցավոք սրտի, արդեն ընդունել են, որ այն կարող է լինել միջանցք:

Այդ ընդունումը անուղղակի էր, ձևակերպում են, որ մենք կարղ ենք այդ ճանապարհին մեկ անվանում տալ, իսկ Բաքուն՝ այլ: Սա նշանակում է, որ առնվազն կողմերի ընկալման մեջ դարձյալ լինելու են տարընթերցումներ ու դա չի բացառում նաև ՀՀ իշխանությունը, այն պարագայում, երբ այսպիսի ռազմավարական նշանակության խնդիրներում պետք է տարընթերցումներ առհասարակ չլինեն: Խաղաղության պայմանագրի իմաստն ու բովանդակային ֆունկցիան այն է, որ այն թույլ չտա տարընթերցումներ, լինի հստակ ու կոնկրետ լուծումներ՝ երկարաժամկետ նպատակներով»,- նկատել է քաղաքագետը:

Արա Պողոսյանի խոսքով՝ վերջին շրջանում և՛ հայկական, և ադրբեջանական պետական մակարդակով հնչեցվող հայտարարությունները շատ նման են:

«Բաքուն այս պահին պատրաստ չէ գնալ զիջման այս հարցում ու նպատակ ունի ՀՀ-ից ստանալ միջանցք: Վերջին շրջանում Բաքվից եկող պատասխանները և Հայաստանից ուղարկվող պատասխանները նմանվում են արարողակարգային ինչ-որ գործողությունների, որով պայմանավորված կողմերը ուղղակի սեփական հասարակությանը ցույց են տալիս, որ կա գործընթաց, որը միտված է ինչ-որ խնդիրներ լուծելուն: Իմ խորին համոզմամբ՝ այս գործընթացն ունի շատ հստակ լուծում, որը պայմանավորված է կողմերի հստակ, առարկայական բանակցություններով ու տարածաշրջանում հաստատվող ստատուս քվոյով: Այն տարածաշրջանում կարող է լինել կամ առավելապաշտության հենքի վրա, կամ ռազմաքաղաքական բալանսի վերականգնման միջոցով»,- եզրափակել է Արա Պողոսյանը:

Հիմա եթերում