Քաղաքական հաշվեհարդարի վերջին արարը․ Բաքվի ռազմական դատարանի վճիռը

17 Փետրվարի 2026, 20:20

Քաղաքականություն

Բաքվում ավարտվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Ավելի քան մեկ տարի տևած դատավարության ընթացքում ղեկավարներից հինգը դատապարտվեցին ցմահ, երեքը՝ 20 տարվա ազատազրկման։ Բեմադրված քաղաքական հաշվեհարդարի վերջին արարն այսօր էր․ Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրա ընտանիքի համար այս որոշումը ծանր էր, բայց ոչ անսպասելի՝ հաշվի առնելով դատավարության շինծու բնույթը։

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Վարդանյանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցածը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս: Շուրջ մեկ տարի տևած դատավարությանը որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չի մասնակցել:

Ադրբեջանի նախագահն օրերս փաստացի բացառեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները կարող են ազատ արձակվել։ Մյունխենում ելույթի ժամանակ նա հայ գերիներին համեմատեց «նացիստների» հետ՝ զուգահեռներ անցկացնելով Նյուրնբերգյան դատավարության հետ։ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ թե՛ ռազմագերիների, թե՛ քաղաքացիական անձանց, և թե՛ Արցախի ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու դատավարությունները չունեն լեգիտիմ իրավական հիմք։

«Դատական ակտերն ինքնին չեն կարող խոչընդոտ հանդիսանալ ազատ արձակման համար, եթե առկա է քաղաքական պայմանավորվածություն»,- նշել է Սահակյանը:

Միջազգային գործընկերներն, անդրադառնալով խնդրին, շեշտում են հայ գերիների անվերապահ և առանց պայմանականությունների ազատ արձակման անհրաժեշտությունը։ Իրավապաշտպանի խոսքով՝ դատավարություններն ու դրանց արդյունքները միջազգային հանրության կողմից չեն դիտարկվել որպես լեգիտիմ գործընթացներ։

«Սա վկայում է, որ քաղաքական համաձայնության դեպքում դատական ակտերը փաստացի խոչընդոտ չեն հանդիսանում։ Հայաստանի Հանրապետությունը նախկինում ադրբեջանական կողմին է փոխանցել դատապարտված ադրբեջանցիների, որոնք ևս ամբողջությամբ չեն կրել իրենց պատիժը»,- ընդգծել է իրավապաշտպանը։

15, 20 տարվա և ցմահ ազատազրկման դատապարտված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման հարցը շարունակում է մնալ օրակարգային, հատկապես այն դեպքում, երբ խոսվում է Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» հնարավոր կնքման մասին։