Բաքվից եւ Երեւանից ստացվող ազդանշանը չի նշանակում, թե կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի. ՌԴ ԱԳՆ

09 Օգոստոսի 2023, 15:01

Քաղաքականություն

Բաքվից և Երևանից արագ խաղաղության հասնելու վերաբերյալ ազդանշանը չի նշանակում, թե կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Դեռ պետք է գտնել մի շարք բարդ թեմաների հանգուցալուծումները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Նա մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դենիս Գոնչարի հարցազրույցը հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Գոնչարը նկատի է ունեցել այն, որ «պետք չէ արագացնել գործընթացը»։

«Գործընթացը պետք է ընթանա այնքան, որպեսզի վերջում որակյալ, հուսալի պայմանավորվածություններ ստացվեն: Ինչ-որ մեկին գուցե շահեկան է արագացնել գործընթացը, արագ հասնել ինչ-որ բանի, բայց հարցն այն է, թե ինչպես դա հետո կիրականացվի։ Հենց սա է, ինչպես ես եմ հասկանում, նա շեշտադրել իր ելույթում»,- ընդգծել է Ալեքսեյ Զայցևը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկն է ։

«Ռուսական կողմը եռանդուն աջակցում է Բաքվին և Երևանին՝ պատրաստելու այդ փաստաթուղթը, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական խողովակը բոլոր մակարդակներում։ Ամեն տարի տեղի են ունենում եռակողմ գագաթաժողովներ, մշտապես հանդիպում են արտաքին գործերի նախարարները, և վերջերս նման հանդիպում եղավ։ Բաքվից և Երևանից ստացվող ազդանշանը խաղաղության արագ հասնելու վերաբերյալ չի նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Դեռ պետք է գտնել հանգուցալուծումներ մի շարք բարդ թեմաների վերաբերյալ»,- եզրափակել է Ալեքսեյ Զայցևը։ 

Հիմա եթերում