Բաքվում դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման
07 Նոյեմբերի 2023, 12:00
Բաքվի դատարանում ընթացող դատավարության ընթացքում դատախազը պահանջել է Լաչինի միջանցքում առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Նա նշել է, որ Խաչատրյանը 5 տարվա պատիժը պետք է կրի բանտում, իսկ մյուս մասը՝ «խիստ ռեժիմի գաղութում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը։ Շինծու գործով «տուժող» է ճանաչվել 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Խաչատրյանին Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։ Նրան առևանգել էին հուլիսի 29-ին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Նա Հայաստան պետք է տեղափոխվեր սրտի վիրահատության համար: