Բաքվում և Երևանում Ռուսաստանի առաջարկներին բավականին սառն են վերաբերվում․ Նիկոլայ Տոպորնին
05 Սեպտեմբերի 2024, 23:00
Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դոցենտ Նիկոլայ Տոպորնինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից:
«Դեսպանը որոշել է փորձել փոքր-ինչ ակտիվացնել Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիության հաստատման գործընթացում, քանի որ վերջին շրջանում Ռուսաստանի մասնակցությունը նվազագույնի է հասցվել, ոչ մի լուրջ բանակցային գործընթաց չի ընթանում։ Հայաստանը նույնիսկ սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Դա վկայում է քաղաքական և դիվանագիտական երկխոսության ինտենսիվության նվազման մասին։
Դեսպանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին։ Բայց այս պահին ստացվում է, որ Ռուսաստանի դերը շատ պասիվ է, որովհետև իրավիճակի կարգավորման վրա ազդելու ինչ-որ ուղղակի լծակներ Ռուսաստանը չունի, և դրա պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա կառուցողական խաղաղ երկխոսություն։ Այդ պատճառով Ռուսաստանը վարում է զգույշ և շատ զուսպ դիվանագիտական քաղաքականություն, որպեսզի չվնասի իր հարաբերությունները ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի հետ», — ասել է Տոպորնինը։
Փորձագետի կարծիքով՝ ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը շահագրգռված չեն շահագրգռված չեն Ռուսաստանի հովանավորությամբ համաձայնության գալ։
«Ռուսաստանի առաջարկներին և՛ Բաքվում, և՛ Երևանում սառնասրտորեն են վերաբերվում։ Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանն ուղղակի շահագրգռվածություն չունեն Ռուսաստանի հովանու ներքո պայմանավորվել իրենց հարաբերությունների մասին։ Ինձ թվում է, որ խնդրի արմատն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ուղիղ շփման, ուղիղ երկխոսության մեջ է։ Ոչ ոք նրանց փոխարեն այդ խնդիրը չի լուծի՝ ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ո՛չ Ռուսաստանը։ Ավելին, մենք գիտենք, որ ԵՄ-ն զարգացնում է հարաբերությունները Բաքվի հետ, և այդ էներգետիկ հարցերը, գազի տարանցման հարցերն այսօր Եվրամիության համար ավելի կարևոր են, քան հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը։ ԵՄ-ն ոչ մի լուրջ գործողություն չի ձեռնարկի։ Այո, տեղի կունենա դիվանագիտական երկխոսություն, բայց, ըստ էության, այն ընթանում է երկար տարիներ, իսկ դրա օգուտը զրո է», — եզրափակել է Տոպորնինը։