Բաքվում գտնվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կապ են հաստատել հարազատների հետ

13 Հոկտեմբերի 2023, 15:05

Քաղաքականություն

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը 2 օր առաջ զավակների հետ հեռախոսով կարճատեւ զրույց է ունեցել: Այս մասին Alpha News-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Իսկ MediaHub-ը կապ է հաստատել Լևոն Մնացականյանի ընտանիքի հետ։ Կայքին փոխանցել են, որ նրա մասին որևէ տեղեկություն չկա։

«Ենթադրելի է մի բան, որ ինքն այլ տեղ է պահվում։ Նա սրտի վիրահատություններ էր տարել և առողջական լուրջ խնդիր ունի։ Միայն Կարմիր խաչն է մեկ անգամ ընտանիքից որոշ դեղեր վերցրել։ Այլ տեղեկություն այս պահին չունենք»,- ասել է կայքի զրուցակիցը։

Բաքուն հրապարակել է նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալման կադրերը: Ուրբաթ օրը, տևական լռությունից հետո, հրապարակվեց նաև Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի լուսանկարը՝ գրադարանից: Սակայն Լևոն Մնացականյանից որևէ լուսանկար ու տեսանյութ մինչ օրս չկա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Դավիթ Մանուկյանին կալանավորել է սեպտեմբերի 27-ին։ Ադրբեջանցի սահմանապահները կալանավորել, ապա ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։

Ադրբեջանի ՊԱԾ-ն իր հերթին կալանավորել է արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։