Բաքվում, հավանաբար, կարծում են, որ դեռ պետք է նեղանալ Ռուսաստանից. Նիկոլայ Սիլաև

Alpha News-ի եթերում Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլ Սիլաևը մեկնաբանել է հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունները Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարության ֆոնին:

«Կարծում եմ՝ գլխավոր էմոցիան, որ կա այդ առնչությամբ Մոսկվայում, տարակուսանքն է։ Ի՞նչ փաստերի վրա են հիմնված ԱԺ նախագահի նման հայտարարությունները։ Ինչո՞ւ են բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, խոսում Ռուսաստանի մասին՝ որպես թշնամական երկրի, թեև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է Ռուսաստանի հետ միասին, Հայաստանը դեռևս իրավաբանորեն դուրս չի եկել ՀԱՊԿ-ից և կա միության մասին երկկողմ պայմանագիր։ Եկեք ասենք, որ դեռ երկու տարի առաջ մենք փորձում էինք տրամաբանություն գտնել դրա մեջ: Հիմա դրանում բացարձակապես ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե Հայաստանի ժողովրդավարական ընտրված, լեգիտիմ ղեկավարությունը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա թող խզի, դա Երևանի գործն է, թեև դա մեզ դուր չի գալիս։ Մենք դրանում բացարձակապես շահագրգռված չենք և չենք ուզում։ Եթե մենք կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, որոնցում, իհարկե, կան ինչ-որ անհարթություններ, կան ինչ-որ փոխադարձ դժգոհություններ, ապա եկեք քննարկենք դրանք և վերացնենք։ Բայց երբ մի կողմից կա առևտուր Ռուսաստանի հետ, կա անդամակցություն ինտեգրացիոն կազմակերպություններին Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից հայտարարությունների անվերջ հոսք, թե Ռուսաստանը թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, ապա դրանում ուղղակի անհնար է կողմնորոշվել։ Ի վերջո, ի՞նչ էին նրանք ուզում ասել, սա է գլխավոր հարցը», — ընդգծել է Սիլաևը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա փորձագետի խոսքով՝ Բաքվում մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այն բացասականը, որը կուտակվում է։

«Ադրբեջանական դիվանագիտությունը շատ դաժան է, ես կասեի՝ համառ և շատ ուշադիր, և բոլորովին հակված չէ հաշտեցման ժեստերի։ Կարծում եմ, որ Հաղթանակի օրը Ադրբեջանի առաջնորդի Մոսկվա չմեկնելը կապված է Ադրբեջանի կողմի համոզմունքի հետ, որ դեռ բոլոր հնարավոր առավելությունները չեն ստացվել այդ իրավիճակից, որը ստեղծվել է վերջին ամիսներին ռուս-ադրբեջանական հարաբերություններում։

Բաքվում, հավանաբար, կարծում են, որ դեռ պետք է նեղանալ, դեռ պետք է զայրանալ։ Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կուտակվում է բացասականություն, որը կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ այդ հարաբերությունների համար։ Ես վստահ չեմ, որ Բաքվում իրենց հաշիվ են տալիս մինչև վերջ։ Ռուսաստանն ընդհանրապես խուսափում է կտրուկ քայլերից, ռուսական դիվանագիտությունը շատ հմուտ է, բայց դա ժեստի դիվանագիտություն չէ։ Եվ, իհարկե, Մոսկվայում ամեն բան հիշում են և չեն մոռանում: Եվ ես չէի բացառի, որ Բաքվի այս մարտավարական, գաղափարական կամ քարոզչական հաղթանակների արդյունքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարող են վնաս կրել», — ասել է փորձագետը։

Հիմա եթերում