Բաքվում Կարմիր խաչի գրասենյակների փակումը արթնացնող ազդակ էր եվրոպական կառույցներին. Արմինե Հարեյան

Վերջին շրջանում Եվրախորհրդարանը ակտիվորեն քննարկում է Բաքվում պահվող ռազմագերիներին, Հայաստանին և Արցախին վերաբերող մի շարք հարցեր և բանաձևեր: Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Բարեփոխումների շարժում» կուսակցության անդամ Արմինե Հարեյանի հետ:

«Եվրախորհրդարանում և տարբեր եվրոպական երկրների խորհրդարաններում վերջին շրջանում լսումներ են տեղի ունենում Արցախի իրավիճակի և ռազմագերիների վերաբերյալ: Այս նախաձեռնությունները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը անտարբեր չէ մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Եվ մարտի 12-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևն ինքնին մարդու իրավունքների հարգման հստակ և ուժեղ ազդակ էր:

Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի գրասենյակների փակումը ևս արթնացնող ազդակ էր եվրոպական կառույցներին, և խորհրադարանի բանաձևում առանձին կետով նշվում է, որ պետք է անմիջապես վերաբացել այդ կազմակերպությունների գրասենյակները: Բանաձևում նշված մեկ այլ կետով եվրոպական երկրների դեսպաններին կոչ է արվում այցելել Բաքվում պահվող ռազմագերիներին և վերահսկել նրանց դատական ողջ գործընթացը,- նշել է Հարեյանը:

Նրա խոսքով՝ բանաձևերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը կոնկրետ գործողություններ իրականացնի:

«Որքան շատ բարձրացվեն Արցախի, ռազմագերիների հարցերը, այնքան ավելի ուժեղ կլինի դրանց ազդեցությունը խաղաղության բանակցությունների վրա: Բայց այնուամենայնիվ, բանաձևերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը հայտարարություններից բացի նաև կոնկրետ գործողություններ իրականացնի:

Հայ համայնքը ևս մեծ և շատ կարևոր ազդեցություն ունի այս հարցերի բարձրացման գործում: Հայերը տարբեր կառույցների միջոցով լոբբիստական աշխատանք են տանում՝ բարձրացնելով իրազեկվածությունը վերոնշյալ հարցերի վերաբերյալ: Նրանք նման կերպ իրենց դիրքորոշումն են ցույց տալիս եվրոպական գործիչների մոտ»,- եզրափակել է Հարեյանը: