Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձն ազգային արժանապատվության հարց է. Ֆիլիպ-Րաֆֆի Քալֆայան

31 Հուլիսի 2024, 11:45

Քաղաքականություն

Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձն ազգային արժանապատվության հարց է: Այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասել է միջազգային իրավունքի փորձագետ, Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանի դոցենտ, կառավարությունների իրավական խորհրդատու Ֆիլիպ-Րաֆֆի Քալֆայանը:

-Ադրբեջանը շարունակում է 23 հայերի ապօրինի պահել Բաքվի բանտերում: Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի կողմից  Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ողղված դիմումից տեղեկացանք, որ  նրա  նկատմամբ խոշտանգումներ են եղել: Վստահաբար,  խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի են ենթարկվում մյուս հայ բանտարկյալները:  Ըստ Ձեզ՝  այս պարագայում ի՞նչ պետք է անի պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար, ի՞նչ  անելիք  ունեն իրավապաշտպան կազմակերպություններն ու ՀԿ-ները,  և ի՞նչ պետք է անի Սփյուռքը:

-Ես երեք նկատառում ունեմ Ձեր հարցերի առնչությամբ։ Նախ, կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները նախկինում ենթարկվել են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ ռազմագերիները։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ: Կոմիտեն, պարբերական դիտարկումների շրջանակում, դիտարկում էր իրավիճակն Ադրբեջանում։

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրակացություններն ավելի ուժեղ իրավական ուժ ունեն, քան ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերով կիրառվող ցանկացած ընթացակարգ (Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը դրանցից մեկն է): Ադրբեջանը պարտավոր է պատասխանել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին, քանի որ  հանդիսանում է «Խոշտանգումները և դաժան վերաբերմունքն արգելող» կոնվենցիայի կողմ:

Այդուհանդերձ բոլոր խողովակները՝ լինեն դրանք պայմանագրով նախատեսված մարմիններ, թե հատուկ ընթացակարգեր, ՀԿ-ները պետք է օգտագործեն տարածաշրջանային (եվրոպական) և միջազգային ֆորումներում: Միջազգային իրավունքի խախտման յուրաքանչյուր արձանագրություն շատ կարևոր տարր է Ադրբեջանի դեմ ընթացիկ և ապագա դատական ​​գործընթացների, ինչպես նաև ամբողջ աշխարհում  կառավարությունների, օրենսդիր մարմինների և միջկառավարական հաստատությունների իրազեկման համար: Այստեղ է, որ Սփյուռքը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ​​ապարատը պետք է գործեն համատեղ ու համաձայնեցված կերպով։

Երկրորդ, ինչ վերաբերում է ձերբակալված և բանտարկված ութ նախկին պաշտոնյաներին, շատ մանրամասներ հայտնի չեն։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանների  դիմումի մեջ, որն ուղղված էր ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հարցերով հատուկ զեկուցողին, նշվում էր Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ կապված կալանքի պայմանների հետ, և պատժիչ միջոցների մասին, որոնք կիրառվել են՝ ի պատասխան Վարդանյանի հացադուլ հայտարարելուն։

Դաժան վերաբերմունքը բավականին տարածված պրակտիկա է ավտորիտար երկրներում։ Սակայն, այստեղ հատկապես տագնապալին այն է, որ Ադրբեջանը վարում է հայատյացության պաշտոնական քաղաքականություն, որն առավելապես ցցուն է արցախահայերի նկատմամբ, որոնք ներկայացվում են որպես վատագույն չարիքներ։

Դաժան վերաբերմունքի այդ բոլոր ձևերը, ըստ Կոնվենցիայի,  հավասարեցված են խոշտանգումների հետ:  Ըստ էության, այդ անձանց կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և նրանց դեմ ներկայացված՝ ահաբեկչության հետ կապված շինծու մեղադրանքները, հայերի նկատմամբ ատելությունն արդեն իսկ դաժան վերաբերմունքի միջավայր են ստեղծում։ Իմանալով, որ այդ մեղադրանքներն Ադրբեջանում շատ խստորեն պատժվում են և հաշվի առնելով այդ երկրում արդար դատավարության  կառուցվածքային բացակայությունը, կարող ենք ասել, որ բանտարկյալներն իսկապես ենթարկվում են հոգեկան դաժան վերաբերմունքի, քանի որ նրանք չեն կարող արդարադատության հետ հույսեր կապել․ նրանց մնում է  պարզապես հույսը դնել միջազգային հանրության կողմից քաղաքական ճնշումների վրա: Ես վստահ չեմ, որ «միջազգային հանրություն» կոչվածն այս պահին գոյություն ունի, հատկապես երբ դա վերաբերում է միջազգային իրավունքի խախտումներին։

Հայաստանի Հանրապետությունը շատ տեղեկություններ չի հաղորդում բանտարկյալների մասին։ Փոխարենը գործող իշխանություններն  անգամ  ոչ պատշաճ ու անընդունելի խոսքեր են ասում արցախցիների ու նրանց ղեկավարների հասցեին։ Մնում է միայն հուսալ, որ 23  հայտնի բանտարկյալների ճակատագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մաս է կազմում։ Եթե այդպես չէ, ուրեմն դա հանցագործություն կլինի։

Երրորդ,  Ձեր հարցադրման մեջ  ասվում է, որ բանտարկյալներն ունեն ՀՀ քաղաքացու կարգավիճակ, բայց հաշվի առնելով այդ հարցի շուրջ հանրային քննարկումները, որոնք բացահայտեցին քաղաքացիության և անձնագրի միջև առկա նրբությունները, ինչպես նաև ներկայիս կառավարության քաղաքականությունը, որը փորձում է կառուցել մի պետություն, որտեղ ազգություն չկա,  հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունն այդ բանտարկյալներին համարում է ՀՀ քաղաքացիներ, որոնց պարտավոր է պաշտպանելու։

Ես ի սկզբանե հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ոչ մի խաղաղ պայմանագիր կամ համաձայնագիր չպետք է երբեէ կնքվի՝ մինչև մեր բանտարկյալները չվերադառնան: Սա ազգային արժանապատվության հարց է և վստահության ամրապնդում՝ քաղաքացիների և կառավարության միջև: Սա նաև ընդունված պրակտիկա է պետությունների մեծ մասում: Դուք երբեք չեք տեսնի, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսրայելը և մյուս երկրները խաղաղության համաձայնագիր կնքեն թշնամական կողմի հետ այն պարագայում, երբ իրենց քաղաքացիները պատանդառված են:

Հետևաբար, Ձեր հարցին իմ պատասխանը զուտ քաղաքական է. Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, չպետք է երբևէ թույլ տար,  որ այս իրավիճակը տեղի ունենար՝ ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջերին տեղի ունեցած նախկին պաշտոնյաների ձերբակալությունը: Դեռևս հանելուկ է մնում, թե ինչպես  պատահեց, որ Արցախի նախկին շատ պաշտոնյաներ կարողացան հատել սահմանը, մինչդեռ որոշները՝  ձերբակալվեցին։

Սրանից կարելի է հետևություն անել է, որ  պատշաճ կերպով չեն բանակցվել կապիտուլյացիայի պայմանները։ Հայաստանը համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին՝ առանց ԲՈԼՈՐ արցախցիների ազատ տեղափոխությունն ապահովելու։ Ցանկացած պետություն, որը կարևորում է ազգային արժանապատվությունը, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, և գերիների ու պատանդների վերադարձը սահմանի որպես դիվանագիտական ​​առաջնահերթություն։

Հիմա եթերում