Բաքվում պահվող հայ պատանդներին ազատ արձակելու պահանջի շուրջ պետք է միավորվենք. Նուբար Աֆեյան

28 Սեպտեմբերի 2024, 16:45

Կարծիք

Առաջին հերթին պետք է Բաքվում պահվող մեր պատանդներն ազատ արձակվեն: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ձեռներեց, գիտնական, կենսաքիմիական ճարտարագիտության թեկնածու, գյուտարար, բարերար, «Մոդեռնա» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, ով Էջմիածնում է՝ մասնակցելու Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։

«Անշուշտ, այսօր շատ կարևոր օր է ինձ համար: Մենք եկեղեցու շուքի տակ ենք մեծացել՝ հավատով: Հայ ազգը առաջին քրիստոնյան լինելով՝ ամենակարևոր արժեքները ստանում է հենց հավատքի միջոցով: Այն ամենամեծ նշանակությունն ունի:

Եկեղեցում, հատկապես՝ կնունքի ժամանակ, միշտ ասում ենք՝ հույս, հավատ, սեր: Մենք պետք է հավատանք ու մտածենք՝ ոնց անենք, որ մեր ազգը զորանա, Բաքվում պահվող մեր պատանդները ազատ արձակվեն: Կարծում եմ՝ լավ կլինի, որ ազգը միասնաբար այդ նպատակի շուրջ համախմբվի»,- ասել է Նուբար Աֆեյանը:

Հիշեցնենք, որ Մայր Տաճարում Մյուռոնօրհնեքն է: Վաղը 6 տարվա դադարից հետո կվերաօծվի Մայր Տաճարը: