Բարբոզան չի բացառել Սպերցյանի՝ եվրոպական առաջնություն տեղափոխվելու հնարավորությունը

28 Հունիսի 2023, 17:30

Սպորտ

Պորտուգալացի գործակալ Պաուլու Բարբոզան գնահատել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական առաջնություն տեղափոխվելու շանսերը։

«Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն կարող է լինել, բայց մենք չգիտենք, թե դա որքանով կարող է իրականանալ և կլինի արդյոք կոնկրետ առաջարկ։ Շուկան նոր է սկսել գործել, դժվար է կոնկրետ խոսել։ Ռուսաստանից ցանկացած խաղացող կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ, նույնիսկ ներկայիս քաղաքական պայմաններում։

Ակումբ տեղափոխվելը սպորտային հարց է, ոչ թե քաղաքական: Սպերցյանը պատրա՞ստ է Եվրոպային։ Զուտ տեսականորեն, ցանկացած խաղացող պատրաստ է։ Դա կախված է նրանից, թե արդյոք ինքը՝ Էդուարդը, կցանկանա՞, և արդյոք «Կրասնոդարը» հետաքրքրվա՞ծ է խաղացողի վաճառքով։ Հուլիսն ու օգոստոսը դեռ առջևում են, ոչ բոլոր գործարքներն են սկսվում հիմա, ինչ-որ բան ավելի ուշ կլինի»,- ասել է Բարբոզան:

2022/23 մրցաշրջանում Հայաստանի հավաքականի 23-ամյա խաղացողը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։