Բարդ ընտրությունն այն է, երբ ԱՄՆ-ը ճնշում կգործադրի Հայաստանի վրա. Պավել Դանիլին
17 Հուլիսի 2024, 23:31
Ռուս քաղաքագետ Պավել Դանիլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բարդ ընտրություն կատարեն նախքան խաղաղության պայմանագիր կնքելը։
«Դժվար ընտրությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում հենց խաղաղ կարգավորման սկզբունքն է։ Հայաստանն արդեն հոգնել է իրեն հետ պահող մշտական հակամարտությունից, բայց հայ հասարակությունը պատրաստ չէ Ադրբեջանի պայմաններով խաղաղության։ Եվ հենց դա էր խոչընդոտը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ապահովման հարցում Ռուսաստանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց դրանք չեն իրականացվել, և այս համատեքստում ԱՄՆ-ը պարզապես ճնշում է գործադրելու Հայաստանի վրա, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնության գա Ադրբեջանի պայմաններով»,- ասել է փորձագետը։
Մեր զրուցակիցը պատրանքներ չունի հայ-ռուսական հարաբերությունների մասին, և կարծում է, որ հայկական կողմը որոշումներ կկայացնի՝ հայացքը հառելով ԱՄՆ-ին։
«Իհարկե, Հայաստանը ստիպված կլինի զոհաբերել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հավանությունը ստանալու համար։ Դա այն պայմանների բաղկացուցիչ մասն է, որոնք ամերիկացիների կողմից դրվելու են հայերի առաջ»,- եզրափակել է Դանիլինը։