Բարեբախտաբար գետի մակարդակն իջել է, և Ախթալայում հնարավոր կլինի կամուրջն արագ վերականգնել․ Պապինյան
29 Մայիսի 2024, 00:23
Աղետի գոտին այս պահին շերտավորված է՝ ավելի ծանր վիճակ, ավելի քիչ ծանր վիճակ և բարվոք վիճակ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը։
«Իմ տեղեկություններով՝ այս պահին մեկ անհայտ կորած ունենք՝ Ձորագետի հսկիչը։ Աղետի գոտին այս պահին շերտավորված է՝ ավելի ծանր վիճակ, ավելի քիչ ծանր վիճակ և բարվոք վիճակ։ Ծանր վիճակում են այն տարածքները, որոնք 100%-ով մեկուսացված են, որևէ ճանապարհ կամ այլ հնարավորություն չկա սնունդ կամ այլ պարագաներ հասցնելու համար։ Սանահին կայարանի Կամչատկա հատվածն այսօր համեմատաբար բարվոք վիճակում է։ Կարողացել են երկու ափերն իրար միացնել ճոպանով, սայլակ են կախել և փոխանցումներ են անում։ Այնտեղ մոտավոր 150-200 մարդ է բնակվում։ Ինչ վերաբերում է Քարկոփին, այնտեղ կամուրջը փլուզված է։ Բարեբախտաբար այսօր գետի մակարդակն իջել է, և պարզվեց՝ Ախթալայում հնարավոր կլինի արագ կամուրջը վերականգնել։ Մեքենաները Ալավերդիից մինչև Քարկոփ, Ախթալա գնում են գետի աջ ափով, բայց կամուրջների բացակայության պատճառով ձախ ափ չեն կարողանում անցնել»,- ասաց Պապինյանը։
Անդրադառնալով աղետի վայրում կամավորներ ներգրավվելու մասին հայտարարություններին և կոչերին, նա նշեց․
«Մեր նկարահանող խումբը նկարել է կամավորների մի խմբի, որոնք պարզապես փորձում են հրապարակի ցեխը մաքրել։ Իհարկե, վթարված շենքեր, կառույցներ նրանց ոչ ոք թույլ չի տա մտնել։ Նրանց օգնությունը, կարծում եմ, կկայանա նրանում, որ փորձեն փողոցները սանիտարական տեսքի բերել։ Չեմ կարծում, թե նրանց կտանեն կիսավեր շենքերում կարգուկանոն հաստատելու»։