Բավարար քաղաքական կամք դրսևորելու դեպքում խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն ստորագրվել. ՀՀ ԱԳՆ
05 Դեկտեմբերի 2024, 21:46
Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում: ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- նշել է նա:
Միրզոյանի խոսքով` որոշակի առաջընթաց է գրանցվել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
«Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը: