Բայդենի վարչակազմը մեղսակից են Արցախի հայաթափման մեջ. Չուլջյան

26 Սեպտեմբերի 2023, 22:50

Քաղաքականություն

ԱՄՆ-ի կառավարությունը և Բայդենի վարչակազմը մեղսակից են Արցախի հայաթափման մեջ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ANCA հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը։

«Ադրբեջանը հստակ ցեղասպանություն է գործել Արցախի ժողովրդի նկատմամբ։ Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես են մեր 120․000 հայրենակիցները լքում իրենց պապենական հողերը։ ԱՄՆ-ն վերջին 30 տարիներին միայն օժանդակել է Ադրբեջանին՝ նրան ռազմական օգնություն տրամադրելով, բայց միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է գործում Արցախի ու Հայաստանի նկատմամբ։ Նրանք անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին՝ այդ կերպ մեղսակից դառնալով այս ամենին»,- ասաց Չուլջյանը։

Նա վստահ է, եթե Բայդենի վարչակազմը որևէ պատժամիջոց չկիրառի Ադրբեջանի նկատմամբ, նույն իրավիճակում է հայտնվելու նաև Սյունիքը։

«Ամերիկայի հայ դատի հանձնախումբը աշխատանքներ է տանում կոնգրեսի ղեկավարների հետ, որ աջակցություն ցուցաբերեն Արցախից տեղահանվածներին` մոտ 30 մլն դոլարի չափով։ Բայց, այստեղ մեկ այլ խնդիր կա։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը Արցախի հայաթափումով չի բավարարվի, և այսօր վտանգի տակ է նաև Սյունիքը։ Այս պարագայում, եթե Բայդենի վարչակազմը որևէ պատժամիջոց չկիրառի Ադրբեջանի նկատմամբ, նույն իրավիճակում է հայտնվելու նաև Սյունիքը,- եզրափակեց Չուլջյանը։

Հիմա եթերում