Բայդենին ուղղված յուրաքանչյուր կոչ ուշացած է, Արցախը հայաթափվեց. Բայրամյան

04 Հոկտեմբերի 2023, 00:00

Կարծիք | Քաղաքականություն

Այսօր Բայդենին ուղղված յուրաքանչյուր կոչ ուշացած է, քանի որ Արցախն արդեն հայաթափվել է։ Այս մասին Alpha Newsուղիղ եթերում ասաց քաղաքագետ Վիլիամ Բայրամյանը՝ նշելով, որ այլևս ԱՄՆ կոնգրեսից ակնկալիքներ չունի։

«Այսօր Բայդենին ուղղված յուրաքանչյուր կոչ ուշացած է, քանի որ որևէ արձագանք չեղավ և Արցախը հայաթափվեց։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում և եվրամիության անդամների կողմից ինչ արձագանքներ են հնչում։ Նրանց կողմից որևէ խիստ գնահատական չկա Ադրբեջանի կառավարության վարած քաղաքականությանը»,- ասաց Բայրամյանը։

Քաղաքագետի փոխանցմամբ՝ Եվրոպայի համար այս ամենի միակ մեղավորը Ռուսաստանն է։

«Նրանք մեղադրում են Ռուսաստանին և շեշտում, որ հենց ռուսների մեղքով են հայերը Արցախից դուրս եկել։ Մի կողմից եվրամիությունը սատարում է Ադրբեջանին և թույլ տալիս, որ շարունակի իր ցեղասպան քաղաքականությունը, մյուս կողմից շրջվում և ռուսներին է մեղադրում՝ պնդելով, թե խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն իրականացրել»,- նշեց Բայրամյանը։