Բայդենը ցանկանում է ավարտին հասցնել հարցը, որպեսզի օգնի Դեմոկրատական կուսակցությանն ընտրություններում. Անատոլի Մատվիյչուկ

23 Հոկտեմբերի 2024, 22:34

Քաղաքականություն

Ռուս ռազմական դիտորդ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակներին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, որոնցում առաջարկություններ և ժամկետներ կան՝ նրանց միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։

Ըստ Մատվիյչուկի՝ Հարավային Կովկասի երկրները քիչ նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար, և Բայդենի նախաձեռնությունը զուտ նախընտրական բնույթ ունի՝ ի շահ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ բացարձակապես չնչին դեր են խաղում։ Նույնիսկ ոմանք (ԱՄՆ-ում) աշխարհագրորեն չեն պատկերացնում, թե որտեղ են գտնվում այս հոյակապ երկրները: Բայց, կա մեկ «բայց»։ Բայդենը ցանկանում է հեռանալ որպես խաղաղարար և ապացուցել, որ Ռուսաստանը չկարողացավ Կովկասում լուծել երկու ժողովուրդների հաշտեցման խնդիրները, որոնք հանգեցրին այդ պատերազմներին, իսկ ինքը (Բայդենը) կարողացավ։

Ի վերջո, նա ոչ հայերին, ոչ էլ ադրբեջանցիներին դրա դիմաց ոչինչ չի առաջարկում։ Նա ուղղակի առաջարկում է՝ եկեք նստենք, պայմանագիր ստորագրենք։ Նա հաշվի չի առնում հայերի պատմական շահագրգռվածությունը Ղարաբաղի հողերն օգտագործելու հարցում։ Նա չի օգտագործում նույն Ադրբեջանի շահագրգռվածությունը Նախիջևանի հարցում: Սա, մեծ հաշվով, զրոյական տարբերակ է, որը պետք է պարզապես դիվիդենտներ բերի դեմոկրատներին ԱՄՆ ընտրություններում, բայց բացարձակապես չի շոշափում ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի ազգային շահերը։

Բանն այն է, որ ընտրություններն արդեն սկսվում են։ Նա պետք է ամեն ինչ ավարտի մինչև ընտրություններ, որպեսզի գոնե ինչ-որ կապիտալով գնա ընտրությունների»,- ասել է փորձագետը։