Բայդենը դիմել է ազգին և հայտարարել, որ թողել է նախագահական մրցավազքը՝ էստաֆետը «նոր սերնդին» փոխանցելու համար

25 Հուլիսի 2024, 10:10

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ ուղերձով դիմել է իր համաքաղաքացիներին և հայտարարել որ, իր կարծիքով, արժանի է պետության ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետին, սակայն որոշել է զիջել սեփական հավակնությունները հանուն ամերիկյան ժողովրդավարության բարօրության: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին շաբաթների ընթացքում ես հստակ գիտակցել եմ, որ այս կրիտիկական պահին անհրաժեշտ է միավորել իմ կուսակցությունը։ Ես կարծում եմ, որ որպես նախագահ իմ վաստակը, աշխարհում իմ առաջնորդությունը և Ամերիկայի ապագայի իմ տեսլականը ինձ արժանի են դարձնում երկրորդ ժամկետի, սակայն ոչինչ, ոչինչ չպետք է կանգնի մեր ժողովրդավարության փրկության ճանապարհին, ներառյալ մեր սեփական հավակնությունները», — ասել Է Սպիտակ տան ղեկավարը, որի ելույթն օվալաձև կաբինետից հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:

Քաղաքական գործչի խոսքով՝ իր համար «եկել է էստաֆետը երիտասարդ սերնդին փոխանցելու ժամանակը»։ Բայդենը հավելել է, որ կողմնորոշվել է նախագահի թեկնածուի ընտրության հարցում և կոչ է արել քվեարկել 59-ամյա Քամալա Հարիսի օգտին:

«Նա փորձառու է։ Նա կոշտ է: Նա ընդունակ է: Նա ինձ համար անհավանական գործընկեր էր։ Այժմ ընտրությունը ձերն է՝ ամերիկացի ժողովրդինը», — հավելել Է նախագահը։

Հիմա եթերում