BBC Newshour Live-ի եթերում Աֆեյանը և Հաջիևը խոսել են Բաքվում հայ գերիների մասին

21 Դեկտեմբերի 2023, 12:25

Քաղաքականություն

News.am-ի փոխանցմամբ՝ BBC Newshour Live-ը հարցազրույց է հրապարակել «Մոդեռնա» ընեկերության նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ, որի ընթացքում նա խոսել է Բաքվում պահվող  հայ բանտարկյալների մասին: Ստորև ներկայացվում է Նուբար Աֆեյանի հարցազրույցը որոշ կրճատումներով. 

«ՄաքԳովերն — Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի՝ երեք տասնամյակ տևած կառավարմանը: 120 հազար էթնիկ հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր փախչել Հայաստան։

Անցյալ շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, բիզնես առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասիրական կազմակերպություններ խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Ես խոսել եմ նրա մտերիմ ընկերոջ՝ «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր, խնդրագիրը ստորագրողներից Նուբար Աֆեյանի հետ։

Նուբար Աֆեյան — Ռուբենն առաջին հերթին մարդասեր է: Մենք միասին աշխատել ենք գրեթե 23 տարի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք նախագծերի վրա։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունեցող ամենաակնառու և ամենահայտնի մարդկանցից մեկն է աշխարհում: Այս ամենն ավելի է սրում հայ ազգի հոգեվիճակը, որը, ինչպես գիտեք, մեկ դար առաջ ցեղասպանություն է վերապրել, երբ թուրքերն արել են ճիշտ նույն բանը։

ՄաքԳովերն — Դուք հավատու՞մ եք, որ նամակն իսկապես կարող է ինչ-որ բան փոխել:

Նուբար Աֆեյան — Նամակը շատ ու շատ գործողություններից մեկն է, որոնք արվում են արդարության հասնելու համար: Այդ գործողություններից որոշները տեսանելի են, որոշները՝ անտեսանելի: Ես կարծում եմ, որ անարդարության վրա հիմնված ցանկացած խաղաղություն կարճատև խաղաղություն է: Ուստի գիտակցում եմ, որ մի նամակը բավարար չէ, բայց մյուս կողմից նամակն ընդգծում է այն մարդկանց քանակը, որոնք անտարբեր չեն և արդարություն են պահանջելու»։

ՄաքԳովերնը նույն հաղորդման շրջանակում զրուցել է նաև  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ խնդրելով պատասխանել Նուբար Աֆեյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Վարդանյանը անարդարացիորեն է կալանավորվել: Ստորև ներկայացվում է մի հատված ՄաքԳովերնի ու Հաջիևի հարցազրույցից.

«Հաջիև — Գոյություն ունեն համապատասխան իրավական գործընթացներ և այդ գործընթացների շրջանակում էլ ընթանում է համապատսխան հետաքննություն, և նա պետք է կանգնի դատարանի և արդարադատության առջև: Դա հենց իրավական գործընթացն է:

ՄաքԳովերն — Իհարկե, հայերի տեսանկյունը հետևյալն է՝ առկա չեն  ապացույցներ, որ նրան ձերբակալեին այդ ձևով: Նրանք նաև ասում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայերն ունեն իրավունքներ և, կարծում են, որ էթնիկ զտում է իրականացվել, երբ մարդիկ փախել են ադրբեջանական ճնշումներից: Ի՞նչ կպատասխանեիք էթնիկ զտումների վերաբերյալ մեղադրանքներին:

Հաջիև -Իրականությունն այսպիսինն է. պնդումները կարող են լինել մի բան, իրականությունը՝ մեկ այլ: Իրականությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը սատարում էր այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը անջատողական կազմավորում էր, բռնազավթել էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքը, և մենք ոչ մի ձևով էթնիկ զտում չենք արել: Հակառակը՝ էթնիկ զտումներ իրականացվել են միլիոնավոր ադրբեջանցիների նկատմամբ:

ՄաքԳովերն — Սակայն ի՞նչ տարբերություն, եթե մարդուն հանում են սեփական տնից, սեփական հողից: Դա կարելի է համարել էթնիկ զտում, որը, ըստ Ձեզ, տեղի է ունեցել ադրբեջանցիների նկատմամբ: Հայերն ասում են, որ դա տեղի է ունեցել իրենց նկատմամբ:

Հաջիև -Ո՛չ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է տարբերակում մտցնենք: Ադրբեջանի կողմից չի եղել որևէ ուժային գործողություն և չկա որևէ դեպք»: